Գերմանիայի ոստիկանությունը հինգշաբթի առավոտյան մասշտաբային գործողություն է սկսել, որի ընթացքում խուզարկում է 15 օբյեկտ չորս դաշնային հողերում՝ ՀԱՄԱՍ-ի հետ կապ ունենալու կասկածանքով, տեղեկացրել է Der Spiegel ամսագիրը։

Ամսագրի տեղեկացմամբ՝ խուզարկություններն իրականացվում են Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա, Ստորին Սաքսոնիա, Շլեզվիգ-Գոլշթեյն դաշնային հողերում եւ մայրաքաղաքում։ Անվտանգության ծառայությունները հատկապես մանրակրկիտ ստուգում են «Գերմանայի Պաղեստինյան ընկերություն» կազմակերպության մասնակիցներին, որը, Գերմանիայի հակահետախուզության Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի բաժանմունքի տվյալներով՝ «Գերմանիայում ՀԱՄԱՍ-ի կողմնակիցների կարեւորագույն կազմակերպությունն է»։ Իրավապահ մարմինների աշխատակիցների ուշադրությունը գրավել է նաեւ Samidoun կազմակերպությունը, որն աջակցում է Իսրայելի բանտերում գտնվող պաղեստինցի բանտարկյալներին։

Խուզարկությունների ընթացքում ոստիկանները հույս ունեն գտնել փաստաթղթեր, փող, այլ նյութեր, որոնք կարող էին հաստատել նշված կազմակերպությունների կապը արմատական պաղեստինյան շարժման հետ, նշել է Bild թերթը։ Նրա տվյալներով՝ գործողությանը մասնակցում է իրավապահ մարմինների 350 աշխատակից։ 15 օբյեկտներից 11-ը գտնվում է Բեռլինում, երկուսը՝ Բոխումում եւ Մյունսթերում (Հյուսիսայի Հռենոս-Վեսթֆալիա), եւս երկուսի գտնվելու վայրը պարզվում է։

 Խուզարկությունների արդյունքների մասին տեղեկություններն սպասվում են օրվա երկրորդ կեսին։

Գերմանիայի ՆԳՆ ղեկավար Նենսի Ֆեզերը նոյեմբերի 2-ին հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի եւ Samidoun-ի գործունեության արգելքը Գերմանիայում, որն ավելի վաղ ազդարարել էր կանցլեր Օլաֆ Շոլցը, ուժի մեջ է մտել։ Հակահետախուզության տվյալներով՝ Գերմանիայում ՀԱՄԱՍ-ի մոտ 450 կողմնակից կա։