Ղրղըզստանի եւ Տաջիկստանի սահմանի ճշտման հարցում որդեգրվել է խնդրի լուծման դիվանագիտական ճանապարհը։ Այս մասին Ղրղըզստանի խորհրդարանում ելույթի ժամանակ ասել է երկրի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը։

«Վարչապետ, նախագահի աշխատակազմի ղեկավար Ակիլբեկ Ժապարովը Գերագույն խորհրդի նիստում ուշադրությունը կենտրոնացրել է այն աշխատանքի վրա, որն իրականացվում է պետական սահմանի զատման եւ սահմանագծման ու անվտանգության ապահովման ոլորտում։ Նա իր ելույթում նշել է, որ ղրղըզա-տաջիկական սահմանազատման գործընթացն ավարտվել է, իսկ պետական սահմանի ճշտումը տեղափոխվել է դիվանագիտական մակարդակ երկու երկրների միջեւ»,- նշվել է Ղրղըզստանի կառավարության մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Ներկայում Ղրղըզստանը չի ավարտել սահմանազատման եւ սահմանագծման ընթացակարգը միայն Տաջիկստանի հետ։ Չինաստանի, Ղազախստանի եւ Ուզբեկստանի հետ այդ գործընթացն ավարտված է։ Ղրղըզա-տաջիկական սահմանի երկարությունն ավելի քան 900 կիլոմետր է, վիճելի հատվածների առկայության պատճառով պարբերաբար առաջ են եկել վեճեր, այդ թվում զենքի կիրառմամբ։ Ներկա պահին համաձայնեցված է սահմանագծի ավելի քան երկու երրորդը։

Ժապարովը նշել է նաեւ հանրապետության ուժային եւ իրավապահ կառույցների նյութատեխնիկական բազայի շարունակվող ավելացումը։ «Երկու տարում սահմանապահ ծառայությանը հատկացվել է ավելի քան  20 մլրդ սոմ (մոտ 224 մլն դոլար), գնվել են զենք, անօդաչուներ, ծանր զրահատեխնիկա»։ Նրա խոսքով՝ Ղրղըզստանը վերջին տարիներին առաջին անգամ ձեռք է բերել զենիթահրթիռային համալիր, ներկայում մարտական պատրաստ վիճակում են 10 ուղղաթիռներ եւ 1 ինքնաթիռ, որոնք «կապահովեն հակաօդային պաշտպանությունը»։

«ՆԳՆ գծով ձեռք են բերվել պլանշետներ եւ տեսախցիկներ միլիցիայի յուրաքանչյուր բաժանմունքի համար։ Տարածաշրջան է ուղարկվել 143 միավոր տեխնիկա, այդ թվում մեքենաներ, 20 «Ուրագան» ավտոհամալիրներ»։ Տեղադրվել են 800 տեսացխիկներ»,- ընդգծել է նա։