Մեծ Բրիտանիան կանի ամեն ինչ՝ աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ փոխանակումներին և խաղաղությանն ուղղված քայլերին։ Այս մասին APA-ին տված հարցազրույցում հայտարարել է Մեծ Բրիտանիայի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին։

«Իհարկե, մենք շատ շահագրգռված ենք Հարավային Կովկասում խաղաղությամբ։ Այս շաբաթ եղել եմ Երևանում, Թբիլիսիում, իսկ հիմա Բաքվում եմ։ Մենք շատ ակտիվ ներգրավված ենք այս գործընթացում։ Մենք կարծում ենք, որ հստակ հնարավորություն կա ամրապնդելու խաղաղությունը և աջակցելու ցանկացած մեխանիզմի, որը կարող է դա ապահովել։

Հասկանալի է, որ դրանում իրենց դերն ունեն եվրոպական երկրներն ու ԱՄՆ-ն, մինչդեռ միաժամանակ երկու կարեւորագույն երկրներն են Ադրբեջանն ու Հայաստանը։ Մեծ Բրիտանիան կանի ամեն ինչ՝ աջակցելու երկկողմ փոխանակումներին և խաղաղությանն ուղղված քայլերին։ Մեզ համար պարզ է, որ հստակ, եզակի հնարավորություն է ստեղծվել, և մենք անկեղծորեն հույս ունենք, որ երկու կողմերն էլ կօգտվեն դրանից»,- ասել է Դոքերթին։

Պատասխանելով այլ երկրների՝ Գերմանիայի և Ֆրանսիայի հայտարարությունների մասին հարցին, որոնք վերաբերում են միջնորդի դերին, Դոքերթին ասել է. «Իհարկե, մենք Ադրբեջանի ուժեղ դաշնակիցն ենք, մենք նաև շատ ամուր կապեր ունենք Հայաստանի հետ: Մենք, ինչպես շատ այլ երկրներ, նույնպես դերակատարում ունենք այս գործընթացում, բայց կարծում եմ, որ առանձին երկրների համար անօգուտ է շահարկել իրենց դերը։ Օգտակար կլիներ վստահեցնել երկու երկրներին էլ, որ մենք այնտեղ կլինենք՝ աջակցելու նրանց, և այս գործընթացը պետք է առաջնորդվի Ադրբեջանի և Հայաստանի ուժեղ կողմերով և ընտրություններով: Սա առաջընթացի լավագույն ճանապարհն է»: