ՀԱՄԱՍ-ը հավելյալ պայմաններ է առաջ քաշել, որով համաձայնում է դադարեցնել ռազմական գործողությունները և ազատ արձակել 50 պատանդի՝ Իսրայելի բանտերում գտնվող 150 պաղեստինցի բանտարկյալների դիմաց։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով Իսրայելի կառավարությունում իր աղբյուրին։

Գործարքը, որն առաջին փուլում նախատեսում է քառօրյա հրադադարի ապահովում և ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված 50 պատանդների ազատ արձակում, հայտարարվել է չորեքշաբթի։ Ենթադրվում էր, որ պայմանավորվածությունը կսկսվի իրագործվել այսօր առավոտյան։ Սակայն հինգշաբթի գիշերը հայտարարվեց, որ այս ժամկետը մի քանի օրով հետաձգվում է։ 

Այսօր ավելի վաղ և Իսրայելը, ինչպես նաև միջազգային միջնորդները, այդ թվում՝ Կատարը, Եգիպտոսը և Միացյալ Նահանգները, ասացին, որ հետաձգումը զուտ տեխնիկական բնույթ է կրում և կապված է լոգիստիկ հարցերն ուշադիր մշակելու անհրաժեշտության հետ։

Ներկայումս պարզ չէ, թե ինչ նոր պահանջներ է ներկայացրել ՀԱՄԱՍ-ը։