Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Հունգարիային ԵՄ-ի միջոցներից 900 միլիոն եվրո կանխավճարի տրամադրմանը որպես Կորոնավիրուսի համաճարակից ապաքինման եվրոպական հիմնադրամի մաս, հայտնում է AFP-ն։

Բրյուսելը համաձայնել է Հունգարիայի օգնության ծրագիրը հասցնել 10,4 միլիարդ եվրոյի, որն այժմ ներառում է լրացուցիչ աջակցության միջոցառումներ՝ կապված Ուկրաինա ռուսական ներխուժման հետևանքով առաջացած էներգետիկ ճգնաժամի հետ, հայտնում է DW-ն։

ԵՄ իշխանությունները շեշտել են, որ հատկացված 900 միլիոն եվրոյի կանխավճարը կապված չէ որևէ պայմանի հետ և նպատակ ունի շտապ մեղմել ճգնաժամի հետևանքները։ Գումարը նախատեսվում է հատկացնել RePowerEU ծրագրի շրջանակներում, որը նախատեսված է հանածո վառելիքից էներգետիկ անցմանն աջակցելու համար։ Որոշումն այժմ պետք է հավանության արժանանա ԵՄ երկրների կողմից, հավանաբար դա տեղի կունենա դեկտեմբերի 8-ին կայանալիք անդամ երկրների ֆինանսների նախարարների գագաթնաժողովում, գրում է Reuters-ը։

Եվրոպացի պաշտոնյաներն ակնկալում են, որ հատկացված միջոցները կնպաստեն Ուկրաինային հետագա օգնության վերաբերյալ Հունգարիայի որոշմանը, գրում է Reuters-ը։ Վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարությունն արգելափակել է Ուկրաինային 50 միլիարդ եվրո տնտեսական և 20 միլիարդ եվրո ռազմական օգնություն տրամադրելու և ԵՄ անդամակցության բանակցություններ սկսելու ԵՄ որոշումները։

Եվրահանձնաժողովը մինչ այդ  սառեցրել էր Բուդապեշտի մասնակցությունը դաշինքի հետհամաճարակային տնտեսական խթանման ծրագրին՝ կոռուպցիայի և Հունգարիայում ժողովրդավարական նորմերը չհարգելու մտահոգությունների պատճառով: