ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանն ունեցած ելույթում ենթադրություն է արել այն պատճառի մասին, որը դրդել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորմանը հարձակվել Իսրայելի վրա։
«Ես չեմ կարող ապացուցել այն, ինչ պատրաստվում եմ ասել, բայց կարծում եմ, որ ՀԱՄԱՍ-ի հարվածի պատճառներից մեկն այն էր, որ նրանք գիտեին, որ ես շատ սերտորեն համագործակցում եմ սաուդցիների եւ տարածաշրջանի այլ երկրների հետ, որպեսզի խաղաղություն հաստատվի Իսրայելի եւ Իսրայելի գոյության իրավունքի ճանաչման միջոցով»,- ասել է Բայդենը։
Նա հիշեցրել է, թե ինչպես «Մեծ քսանյակի» գագաթաժողովում իրեն հաջողվել է հասնել այն բանաձեւի ընդունմանը, որում նշվում էր Էր Ռիադից ամբողջ Մերձավոր Արեւելքով դեպի Սաուդյան Արաբիա, Իսրայել եւ այլն ստորգետնյա խողովակաշարի եւ երկաթուղու կառուցման պլանների մասին։
«Գաղափարը հետեւյալն էր. կա մեծ հետաքրքրվածություն, եւ ես կարծում եմ, որ արաբական երկրների մեծ մասը գիտի այդ մասին, կոորդինացնել գործողությունները միմյանց հետ, որպեսզի փոխվի տարածաշրջանի դինամիկան՝ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար։ Եվ դա այն է, ինչի շուրջ ես պատրաստվում եմ աշխատել»,- ասել է նա։
Բայդենը նաեւ տեղեկացրել է, որ կոչ է արել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին «կենտրոնանալ զոհերի թվի նվազեցման վրա՝ միաժամանակ փորձելով ոչնչացնել ՀԱՄԱՍ-ին, ինչը նրա օրինական թիրախն է»։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ դա դժվար խնդիր է, «եւ ես չգիտեմ, թե որքան ժամանակ կպահանջի այն»։
Այս առնչությամբ Բայդենը հույս է հայտնել, որ «մնացած արաբական աշխարհը եւ տարածաշրջանեը եւս ճնշում կգործադրեն բոլոր կողմերի վրա, որպեսզի դանդաղեցվի այս գործընթացը, եւ որքան հնարավոր է արագ վերջ դրվի դրան»։





























