Զարգացած երկրներին կառաջարկեն սահմանափակել մսի ախորժակը՝ կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրին համապատասխան, գրել է Bloomberg-ը։

Սպասվում է, որ գլոբալ պարենային համակարգերի ճանապարհային քարտեզը կհրապարակվի COP28-ի գագաթաժողովում։ Չափց ավելի շատ միս սպառող երկրներին խորհուրդ կտրվի սահմանափակել դրա օգտագործումը, այն դեպքում, երբ զարգացող երկրներին, որտեղ մսի անբավարար օգտագործումն առաջ է բերում թերսնման խնդիրներ, անհրաժեշտ կլինի բարելավել անասնաբուծությունը։

Ֆերմայից մինչեւ ճաշարան պարենային համակարգերին բաժին է ընկնում ջերմոցային գազերի գլոբալ արտանետումների մոտ մեկ երրորդը, եւ դա հիմնականում կապված է անասնաբուծության՝ մեթանի հիմնական աղբյուրի հետ։

Մսի վերաբերյալ հանձնարարականը նպատակ ունի հստակ ազդանշան տալ կառավարություններին։ Բայց քաղաքական գործիչներն ավելի հարուստ երկրներում սովորաբար խուսափում են այն միջոցներից, որոնք ուղղված են սպառողների վարքի վրա ազդելուն, մանավանդ այնտեղ, որտեղ դա ենթադրում է ամենօրյա պահանջարկի առարկաների սպառման կրճատում։

«Անասնաբուծությունը քաղաքականապես զգայուն հարց է, բայց մենք պետք է լուծենք նուրբ հարցեր, որպեսզի հաղթահարենք այդ խնդիրը»,- ասել է Clim-Eat-ի հիմնադիր Դհանուշ Դինեշը, որն աշխատում է կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի գործողությունների արագացման ուղղությամբ։ «Եթե մենք չլուծենք անասնաբուծության խնդիրը, մենք չենք լուծի կլիմայի փոփոխության խնդիրը։ Հիմնական խնդիրը չափից ավելի օգտագործումն է»։

Ըստ տվյալների՝ միջին ամերիկացին տարեկան սպառում է մոտ 127 կիլոգրամ միս, Նիգերիայում 7 կիլոգրամի եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում 3 կիլոգրամի համեմատ։ Eat-Lancet հանձնաժողովը խորհուրդ է տալիս մարդկանց չսպառել տարեկան 15,7 կիլոգրամից ավելի միս։