Համաշխարհային առեւտրի ծավալը վերականգնվում է վերջերս տեղի ունեցած անկումից հետո՝ մեքենաների արտադրության եւ վաճառքի խթանիչ ազդեցության համատեքստում։ Հետագա վերականգնման կարճաժամկետ հեռանկարները, սակայն, Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) քարտուղարությունը գնահատում է որպես «բավական անորոշ»։
Քարտուղարությունը վկայակոչում է ԱՀԿ կիրառած նոր տվյալները համաշխարհային շուկայի ինդիկատորի՝ Ապրանքների առեւտրի բարոմետրի ուսումնասիրության համար։ Այժմ այն կազմում է 100,7 կետ, ինչը բարձր է այս տարվա օգոստոսին գրանցված մակարդակից (99,1 կետ)։ «Դա վկայում է այն մասին, որ առեւտրի ծավալը աստիճանաբար վերադարձել է իր միջնաժամկետ թրենդին 2023թ. երկրորդ կեսին»,- նշել են կազմակերպությունում։ Բարոմետրը ցույց է տվել, որ «ապրանքների համաշխարհային առեւտրի ծավալը վերջերս տեղի ունեցած անկումից հետո վերականգնվում է, ավտոմեքենաների արտադրությունն ու վաճառքը, ինչպես նաեւ էլեկտրոնային բաղադրիչների առեւտուրը խթանում են վերականգնումը»,- նշել են ԱՀԿ-ում։
Միեւնույն ժամանակ, կազմակերպությունում ընդգծել են, որ «ոչ միանշանակ տնտեսական արդյունքները՝ աճող աշխարհաքաղաքական լարվածության հետ միասին, կարճաժամկետ հեռանկարները բավական անորոշ են դարձնում»։ Այս մասին վկայում է նաեւ բարոմետրը։ Ավտոմեքենաշինության արտադրանքի առեւտուրը բնութագրող ինդեքսը այժմ կազմում է 110 կետ, էլեկտրոնիկայի բաղադրիչներինը՝ 109,8 կետ, ավիափոխադրումներինը՝ 100,3 կետ։ Սակայն մյուս ցուցիչները չեն «ձգում» մինչեւ բազային՝ 100 կետը։ Դա վերաբերում է արտահանման պատվերներին (99,4 կետ), բեռնարկղային փոխադրումներին (98,0 կետ) հումքի առեւտրին (95,6 կետ)։
Ապրանքների առեւտրի բարոմետրը, ինչպես նշել են ԱՀԿ-ում, արտացոլում է «վերջին միտումների վերաբերյալ առեւտրի հետագիծը իրական ժամանակում»։ Դա գլխավոր ցուցիչն է, որն ազդարարում է համաշխարհային վաճառքների աճի փոփոխությունների մասին՝ առեւտրի ծավալի վերաբերյալ վիճակագրության հրապարակումից երկու-երեք ամիս առաջ։ Եթե այն հավասար է 100 կետի, դա նշանակում է, որ սպասվող «առեւտրի զարգացումը համապատասխանում է վերջին միտումներին»։ Եթե ցուցիչը բարձր է 100-ից, դա հիմքեր է տալիս կանխատեսելու վաճառքի աճի արագացման, ցածրի դեպքում՝ տեմպերի թուլացման մասին։





























