Հայաստանի վերահսկիչ պալատն այսօրվանից` հոկտեմբերի 26-ից, ստուգումներ է սկսում Կոտայքի մարզում: Այս մասին ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հայտնել է Կոտայքի մարզպետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Նրա խոսքով, ինչպես բոլոր մարզերում, այստեղ եւս ստուգումները սկսելուց առաջ ՎՊ նախագահի հրավերով խորհրդակցությանը մասնակցել են այն հիմնարկների ղեկավարներն ու համայնքապետերը, որտեղ նախատեսվում են ստուգումները:

ՎՊ լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Իշխան Զաքարյանը հայտնել է, որ ստուգումները կատարվելու են մասնավորապես բյուջետային հատկացումների, անշարժ գույքի օտարման, սեփականաշնորհման եւ դրանց վարձակալության ուղղությամբ, ինչպես նաեւ` համայնքների մշակութային, կրթական եւ առողջապահական կենտրոններում: Վերահսկիչ պալատի կողմից ստուգումներ նախատեսվում են նաեւ մարզպետարանում` բյուջետային հատկացումների, կառավարության պահուստային ֆոնդից տրամադրված միջոցների օգտագործման, գյուղատնտեսական ծրագրերի նաեւ մարզում ընթացող շինարարական աշխատանքների ուղղությամբ:

ՎՊ նախագահը տեղեկացրել է, որ այս ստուգումները կներառեն մարզի սոցիալական ոլորտը, քանի որ ողջ հանրապետությունում ոլորտը վերահսկվում է ՎՊ հատուկ հանձնաժողովների կողմից: Այս պահին ստուգումներն արդեն ավարտվել են Արարատի,Գեղարքունիքի մարզերի եւ մայրաքաղաքի սոցիալական ծառայությունների տարածքային երեք կենտրոններում:

ՎՊ նախագահը մեկ անգամ եւս հիշեցրել է, որ Վերահսկիչ պալատը որեւէ առնչություն չունի քաղաքացիներին նպաստից զրկելու հետ: ՎՊ-ն իրականացնում է օրենքով սահմանված կարգով իրեն վերապահված գործառույթը, այն է`ուսումնասիրել, ստուգել եւ բացահայտել ոլորտում առկա չարաշահումները եւ այդ տեղեկատվությունը տրամադրել համատապասխան մարմիններին: