Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 26-ին, ընդունել է Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Գունար Վիգանդին:
Ողջունելով հյուրերին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ ուրախ է Եվրոպական միության հետ հարաբերությունների զարգացման հեռանկարները քննարկելու հնարավորության համար: Վարչապետը հիշեցրել է, որ մշակվել է ԵՄ գործընկերների հետ համագործակցության ծրագիր, որի իրականացման ընթացքը գտնվում է կառավարության լուրջ վերահսկողության ներքո:
Զրուցակիցներն անդրադարձել են ԵՄ-Հայաստան Ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքին, ինչպես նաեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի բանակցային գործընթացի մեկնարկին: Կողմերը գոհունակություն են հայտնել բարեփոխումների ոլորտում Հայաստանի ակտիվության կապակցությամբ: Երկուստեք կարեւորվել է ռեֆորմների ազգային օրակարգի իրականացումը, ինչը համահունչ կդարձնի այդ առումով առկա մոտեցումները: Անդրադարձ է եղել Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի առաջիկա տարածաշրջանային այցին:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ սեպտեմբերի 19-ին Բրյուսել կատարած այցի ընթացքում ներկայացվել էր 33 ուղղություններով միջոցառումներից բաղկացած բարեփոխումների օրակարգ, որոնց իրականացումը մեծապես կարեւոր է: Այդ համատեքստում արծարծվել են Եվրամիության կողմից ֆինանսավորվող եւ ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարում» ծրագրով սահմանային 3 անցակետերի վերակառուցմանը եւ արդիականացմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել նաեւ հարկային ու մաքսային ոլորտներում բարեփոխումների իրականացմանը, որոնց հաջողությանը էապես կարող է նպաստել ԵՄ օժանդակությունը:
Ամփոփելով հանդիպումը` կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել ակտիվ եւ հաջող համագործակցության կապակցությամբ: Վարչապետ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերին` կատարած արդյունավետ աշխատանքի համար եւ հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:




























