«Բանակն իրականում» նախաձեռնության ակտիվիստ Լալա Ասլիկյանին ազատ են արձակել ոստիկանության Կենտրոնի բաժնից: Նրան այսօր` հոկտեմբերի 27-ին բերման էին ենթարկել Կառավարության շենքի մերձակայքից:
Նախաձեռնությունը ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որում նշել էր, թե հոկտեմբերի 27-ին ՀՀ կառավարության շենքի մոտ պետք է անցկացներ հերթական ակցիան` զինծառայողների սպանությունները բացահայտելու եւ գործերի քննությունը պատշաճ կերպով վարելու պահանջով.«Ոստիկանները թույլ չեն տվել, որպեսզի ակցիան կայանա նախատեսված վայրում եւ բռնություն են կիրառել զինծառայողների ծնողների նկատմամբ` հրմշտելով նրանց եւ խոչընդոտելով խաղաղ հավաքի անցկացումը: Ակցիայի մասնակիցներն արձագանքել են` արտահայտելով իրենց վերաբերմունքը ոստիկանների բռնությունների նկատմամբ: Ոստիկանները, բռնի ուժ կիրառելով ցուցարարներից մեկի` «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լալա Ասլիկյանի նկատմամբ, նրան տեղափոխել են ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին»,- ասված էր նախաձեռնության տարածած հայտարարությունում:
Լալա Ասլիկյանին տեւական ժամանակ թույլ չեն տվել շփվել իր փաստաբան Ռոբերտ Ռեւազյանի հետ` արգելելով փաստաբանի մուտքը ոստիկանության բաժին: Ավելի ուշ ակտիվիստին ազատ են արձակել:
Ինչպես արդեն հայտնել էր NEWS.am-ը, ոստիկանության Կենտրոնի բաժնի մոտ էին հավաքվել մի քանի տասնյակ ակտիվիստներ: Ոստիկանությունը փակել էր շենքի ճանապարհը, իսկ Կենտրոնի բաժնի պետի տեղակալ Արայիկ Պետրոսյանը ոստիկանատան մոտ փորձել էր վրաերթի ենթարկել Ազգային Ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանին:




























