Ինչի՞ կարող է հանգեցնել կուսակցությունների գործունեությունը, եթե հայաստանյան քաղաքական դաշտում բացակայում է ազատ ընտրությունների մեխանիզմը, իսկ արդարադատության համակարգը չի գործում: Այս խնդրին են անդրադարձել Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) կազմակերպված սեմինարի ժամանակ, որին մասնակցել են ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների եւ միջազգային կառույցների ներկայացուցիչներ, քաղաքագետ-վերլուծաբաններ, փորձագետներ ու լրագրողներ:

ՌԱՀՀԿ ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանն իր խոսքում նշել է, որ ազատ ընտրությունների բացակայության պարագայում, կուսակցությունների խնդիրը համարում է դժվար լուծելի, քանի որ ՀՀ-ում գործող օլիգարխիկ վարչակարգին, նրա դիտարկմամբ, զգալապես աջակցում են մի շարք քաղաքական ուժեր:

Հետեւաբար, ըստ բանախոսի, ներքաղաքական դասավորության որեւէ փոփոխությամբ հնարավոր չէ ժողովրդավարություն հաստատել երկրում: «Խնդիրն այն է, որ կուսակցությունների ակտիվությունը, Սահմանադրությամբ ամրագրված գործառույթների կատարման համար պայմանների բացակայության պատճառով, հանգում է քաղաքական ու տնտեսական արտոնությունների հարցում գործող վարչակարգի հետ սակարկման հնարավորություններ ապահովելու ջանքերին»,- համոզված է Սարգսյանը: Այս հանգամանքն էլ, նրա կարծիքով, ամրապնդում է ազդեցության ոլորտների բաշխման շուրջ պայմանագրային գործելաոճը, ինչի վրա խարսխված է օլիգարխիկ վարչակարգը:

Այնուհետեւ ժողովրդավարական փոփոխությունների պայքարի իր տեսլականը, ինչպես նաեւ քաղաքական ու քաղաքացիական առանձին միավորների, անհատների շրջանակներում առկա մոտեցումները ներկայացրեց ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը: Ըստ նրա, կարեւոր է` եղած մոտեցումներում գտնել այն ընդհանուր եզրը, որն ի զորու է համախմբելու բոլորին եւ ձեւավորելու մեկ ընդհանուր օրակարգ: «Իշխանության գալու նպատակը պետք է տարանջատել իշխանություն ձեւավորելու մեխանիզմի հաստատումից, քանի որ առաջինը նեղ քաղաքական նպատակ է եւ չի կարող դառնալ համախմբող գործոն: Հասարակության մեծամասնությանն անհրաժեշտ է նոր տիպի պետության ստեղծում, համակարգափոխություն, այսինքն` ավելի համապարփակ ու լայն գաղափար»,- նշեց Վարդանյանը` կարծիք հայտնելով, որ մեզանում տակավին հաստատված չեն ժողովրդավարական մեխանիզմները, այդ թվում` իշխանության ձեւավորման գործիքակազմը: