Խաղային խաբեություններից խուսափելու, փողերի լվացումը եւ այլ տնտեսական հանցագործություններ կանխարգելելու նպատակով Հայաստանում կներդրվի շահումով խաղային սարքերի կենտրոնական հաշվետու համակարգ: Այդ համակարգը ներդնելու համար ՀՀ կառավարությունն այսօր` հոկտեմբերի 27-ին, լիազորեց ֆինանսների նախարարությանը պայմանագիր կնքել «Ամայա գեյմինգ գրուպ» կորպորացիայի հետ, որը հիմնադրվել եւ գործում է Կանադայի Քվեբեկի նահանգի օրենսդրության համաձայն:
Ըստ ֆինանսների նախարարության ներկայացրած տեղեկանքի` տվյալ համակարգի ներդրմամբ նաեւ կապահովվի շահումով խաղեր եւ վիճակախաղեր խաղացողների շահերի պաշտպանության խելամիտ մակարդակը:
Կենտրոնական հաշվետվու համակարգը իրենից ներկայացնում է համակարգչային ծրագրային ծառայությունների համակցություն, որը հավաքագրում է եւ փոխանցում է կենտրոնական սերվերին տվյալ պահին բոլոր էլեկտրոնային խաղային սարքավորումներին վերաբերող տվյալները եւ գործողությունները, ինչպես նաեւ` Լիազոր մարմնին տրամադրում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք թույլ են տալիս հսկել ֆինանսական տվյալները եւ հայտնաբերել կեղծիքները ամբողջ ցանցով մեկ: Կենտրոնական հաշվետու համակարգի ներդրման եւ շահագործման համար «Ամայա գեյմինգ գրուպ» կորպորացիան կներդնի 4 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք տեխնիկական սարքեր եւ սարքավորումներ եւ այն անհատույց, սեփականության իրավունքով կտրամադրի ՀՀ Կառավարությանը:



























