Երեւանի Ամիրյանի փողոցի 4/14, 4/16, 4/18, 4/20, 4/22,4/24 հասցեներում գրանցված բնակիչները որպես վերջին հույս, բաց նամակով դիմել են մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրին, որտեղ նշում են, որ արդեն տարիներ շարունակ իրենց բնակարան չի հատկացվում, թեեւ կան բոլոր օրինական փաստաթղթերը:

Բաց նամակում, մասնավորապես, ասվում է.

«Մեծարգո Պարոն Դեսպան, մենք լինելով պետական կարիքների համար իրացվող տարածքի բնակիչներ (համաձայն Հ.Հ. կառավարության թիվ 399-Ն 04.03.2004 թ. եւ 909–Ն 17.06.2004թ. որոշումների), 2005թ-ի գարնանը ստիպված էինք կնքել անշարժ գույքի իրացման եւ փոխհատուցման պայմանագրեր, համաձայն որի, 30 ամիս հետո պետք է մեր տների տեղում կառուցվող շենքից ստանայինք մեր առեւտրային տարածքները եւ բնակարանները (այլ առաջարկ՝ առեւտրային տարածք, բնակարան, մեր առեւտրային տարածքների շուկայական արժեքը, մեր բնակարանների շուկայական արժեքը, ինչը նախատեսված է ՀՀ օրենքներով եւ կառավարության որոշումներով, մեզ չի արվել):

Շենքի շինարարության վերջնաժամկետն էր 2008թ. հունվարը, սակայն 2008թ. միայն շենքի նախագիծն է հաստատվել (ներկայումս պետության այս եւ մյուս սխալներն ու օրենքների խախտումները՝ ՀՀ-ի լիազորված անձի եւ կառուցապատողի նույն անձը լինելը, ՀՀ-ի կողմից առեւտրային տարածքների եւ բնակարանների հատակագծերի չտրամադրելը եւ այլն, որպես օրենքի ու պարզապես առողջ դատողության ծանակում եւ զավեշտ փորձում են ներկայացնել որպես ֆորս մաժոր եւ պայմանագրի թերիություն)։

 2009 թ. Հ.Հ. կառավարությունը 3 մլն. դոլար տրամադրեց շինարարությունը ավարտելու համար։ Ինչ եղավ այդ գումարը, հանելուկ է, փաստը այն է, որ շինարարությունը առայսօր չի ավարտվել։ Իմիջայլոց, դատելով շինարարության ներկա տեմպից, մոտակա 2 տարում չի էլ ավարտվի։

Անցել է գրեթե 7 տարի (80 ամիս), բայց մենք չենք ստացել ոչ պայմանագրերով նախատեսված առեւտրային տարածքները, ոչ բնակարանները, ոչ բնակության վարձակալության գումարնները, ոչ շինարարության ձգձգման տուգանքները, ոչ կրած վնասների փոխհատուցումը։

Մեզ մինչ այժմ չի հատկացվել Սեփականության վկայակաները, եւ մենք չենք կարող ոչ մի իրավական գործողություն կատարել կիսակառույց տարածքների նկատմամբ՝ վաճառք, նվիրատվություն, կտակ։

Զրկվելով ապրուստի միջոցներից մենք հայտնվել ենք աղետալի վիճակում, քանի որ վարձակալած բնակարաններից մեզ հանել են։ Իրենց նոր բնակարանները չտեսնելով, վարձակալած բնակարաններում արդեն մարդիկ են մահացել, արդեն մարդիկ են լքել հայրենիքը, երիտասարդները, բնակարանի բացակայության հետեւանքով, չեն կարողանում ընտանիք կազմել։

Բազմաթիվ անգամ դիմել ենք Հ.Հ. Նախագահի աշխատակազմին, վարչապետին, կառավարությանը, քաղաքապետարանին, հանրային խորհրդին։ Բոլոր դիմումները վերահասցեագրվում են քաղաքապետարանին, թեեւ այդ հարցով զբաղվում է  ֆինանսների նախարարությունը։ Արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ մենք դիմել ենք դատարան, սակայն այստեղ էլ արհեստական ձգձգման քաղաքականություն են որդեգրել եւ գործը նախնական դատական նիստերից այն կողմ չի անցնում։ Հ.Հ-ի լիազորված անձի ներկայացուցչի գրավոր պատասխանից հետեւում է, որ Հ.Հ-ի անունից 2005թ. կնքված պայմանագրերը ի սկզբանէ, կանխավ, կանխամտածված խաբեություն են եղել Ամիրյան փողոցի 25 ընտանիքների հանդեպ։ Արդեն շատերիս առեւտրային տարածքները եւ բնակարանները վաճառվել են։ Ոչ Հ.Հ. Նախագահի վերահսկողական մարմիններին, ոչ դատարաններին եւ ոչ էլ դատախազությանը դա չի հետաքրքրում: Պետական պաշտոնյանների արված առաջարկները խաբեության նոր ձեւ է՝ պայմանագրերով նախատեսված առեւտրային տարածքների եւ բնակարանների փոխարեն առաջարկում են ուրիշ հարկերում միայն բնակարաններ, ինչը մեր համար անընդունելի է։ Պետական պաշտոնյանները հայտարարում են, որ պետությունը հրաժարվում է կատարել պայմանագրով նախատեսված իր գումարային պարտավորությունները, թեկուզ հասնենք Եվորպական դատարան։ Միթե սրանից չի հետեւում, որ դատարանի երեք ատյաներն էլ հրահանգված են եւ իսկությունը, որը ակնհայտ է բոլորի համար ով գեթ մեկ անգամ կարդացել է Հ.Հ. անունից կնքված պայմանագրերը, անհնար է, որ երբեւէ հաղթի Հ.Հ. դատարաններում:

 Եթե ՀՀ ցանկություն ունենար, ապա վաղուց եւ շատ հեշտ կլուծեր այս հարցը։ Դրա համար ընդամենը պետք էր կատարել սեփական պարտավորությունները, իսկ հետո դատական կարգով իր լիազորված անձից բռնագանձել պետական պարտավորությունների հանրագումարը։ Քաղաքակիրթ երկիրը իր բարձրաստիճան պաշտոնյայի միջոցով ներողություն կխնդրեր գրեթե 7 տարի իր հարյուրավոր քաղաքացիներին տնից զրկելու համար, այլ ոչ թե կփորձեր պատասխանությունը գցել իր լիազորված անձի ժառանգների վրա(Հռոմեական հանրապետությունից սկսած բոլոր պետություններում, ներառյալ հիտլերյան Գերմանիայում եւ ստալինյան ԽՍՀՄ-ում, լիազորված անձի արարքների համար պատասխանատու է լիազորողը)։ Քաղաքակիրթ երկիրը հոգ է տանում սեփական հարյուրավոր քաղաքացիների հանդեպ ստանձնած պարտավորությունների կատարման մասին, այլ ոչ թե մի երկու հոգու գերշահույթի մասին։

Մեծարգո դեսպան, մեր միակ հույսը Դուք եք: Հույսով Ձեր միջամտության են սպասում հարյուրավոր հայ մարդիկ, որոնք չեն ուզում լքել հայրենիքը: Միգուցե Ձեր հեղինակությունը կստիպի իշխանություններին դադարեցնել ՀՀ անունից կատարվող ապօրինությունները, խաբեությունները, առեւտրային տարածքների գողությունները, բնակարանագողությունները եւ վերջապես կվերականգնվի արդարությունը ու Սահմանադրության 8 ու 31 հոդվածներով նախատեսված մեր իրավունքները:

Մեծարգո պարոն դեսպան, եթե մոտ ժամանակներս չվերականգնվեն մեր ոտնահարված իրավունքները, ապա մեզ այլ միջոց չի մնա, քան ընտանիքներով մեկընդմիշտ լքել հայրենիքը եւ ապաստան հայցել արտերկրում` Մարդու իրավունքների պաշտպանի 2010 թ. տարեկան զեկույցում (էջ 175–176) եւ Սահմանադրական դատարանի 18.04.2006թ. ընդունված 630 որոշումում շեշտվել է, որ մեր Մարդու եւ Սահմանադրական իրավունքները ՀՀ-ի կողմից ոտնահարվել են»: