ՀՊՃՀ-ում (Պոլիտեխնիկ) այսօր` հոկտեմբերի 27-ին, Միջուկային անվտանգության կենտրոնում մեկնարկել է «Ատոմային համագործակցություն - 21-րդ դար. ժառանգություն, գործընկերություն, զարգացում» խորագրով միջազգային երիտասարդական գիտակրթական սեմինարը: Այն նախօրեին տեղի ունեցած ԱՊՀ երկրների խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման Հանձնաժողովի 12-րդ նստաշրջանի շարունակությունն է եւ իրականացվում է վերոնշյալ Հանձնաժողովի եւ Ռուսաստանի «ՄԻՖԻ» Ազգային հետազոտական միջուկային համալսարանի նախաձեռնությամբ:
Սեմինարի հիմնական նպատակներն են միջուկային կրթության բնագավառում միջազգային համագործակցության ամրապնդումը, ինչպես նաեւ ԱՊՀ երկրների պրոֆիլային բուհերի ու քոլեջների երիտասարդ գիտնականների, մասնագետների եւ ուսանողների ներգրավումը համատեղ իրականացվող ստեղծագործական խմբերում, որոնք ձեւավորվում են ոլորտի առաջատար բուհերի, գիտական կենտրոնների, ատոմային էներգիայի արտադրության ձեռնարկությունների մասնագետների հովանու ներքո:
Սեմինարին մասնակցելու համար Երեւան ժամանած ԱՊՀ 5 երկրների` Հայաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան, ուսանողների եւ երիտասարդ գիտնականների զեկուցումների ու քննարկումների թեման բավականին ընդգրկուն է` սկսած ատոմային էներգետիկայի ոլորտի զարգացման ուղղություններին վերաբերող հարցերից մինչեւ ատոմային ահաբեկչության դեմ պայքարի գերժամանակակից մեթոդներ:
«Ատոմային էներգետիկայի ոլորտում նախընթաց տասնամյակների ձեռքբերումների պահպանման եւ խաղաղ նպատակներով հետագա զարգացման փորձը ցույց է տվել, որ ատոմային էներգետիկան համաշխարհային ժառանգություն է, եւ մեկ պետության ջանքերով հնարավոր չէ այն լիարժեք զարգացնել ու փոխանցել սերնդեսերունդ: Այս առիթով անչափ կարեւորում եմ միջպետական մակարդակով նման միջոցառումների անցկացումը, որի առանցքային հարցերից է նաեւ ոլորտը համապատասխան որակյալ կադրերով համալրելու խնդիրները»,- ասել է ռեկտորը:
Սեմինարին մասնակցում էին ԱՊՀ երկրների խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման Հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Եվգենի Սոբոլեւը, Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկա-տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի տեղակալ, ՙԱտոմային համագործակ¬ցություն - 21-րդ դար՚ նախագծի դիտորդական խորհրդի համանախագահ Ալեքսանդր Միխալեւիչը, ՀՀ Էներգետիկայի նախարարության եւ հայկական ԱԷԿ-ի պատասխանատու ներկայացուցիչներ:



























