Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 27-ին, ընդունել է Լիտվայի ֆինանսների նախարարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ Մոդեստաս Կազելիաուսկասին, ում հետ քննարկել է հայ-լիտվական տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը եւ Լիտվայի հարկային պետական ծառայության պետ Մոդեստաս Կազելիաուսկասը նախագահին ներկայացրել են երկու գերատեսչությունների միջեւ հարկային ոլորտում համագործակցության, մասնավորապես՝ տեխնիկական գործակցության զարգացման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք ամրագրվել են այսօր ստորագրված «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի եւ ԼՀ ֆինանսների նախարարությանն առընթեր հարկային պետական ծառայության միջեւ տեխնիկական համագործակցության վերաբերյալ» համաձայնագրով:
Կարեւորվել է նաեւ հարկային ոլորտում բարեփոխումների իրականացման վերաբերյալ գերատեսչությունների միջեւ տեղեկատվության եւ փորձի փոխանակումը:




























