Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 28-ին, աշխատանքային այցով մեկնել էր Արագածոտնի մարզ, որտեղ մասնակցել է Ապարանի բժշկական կենտրոնի բացման արարողությանը:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նա ծանոթացել է կենտրոնի շտապօգնության կայանի, պոլիկլինիկայի, անհետաձգելի բուժօգնության, վիրահատական եւ վիրաբուժական, հետվիրահատական ինտենսիվ բուժման եւ այլ բաժանմունքների պայմաններին:
Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի ներկայացմամբ, հիվանդանոցը վերանորոգվել է ՀՀ նախագահի մարզերի համաչափ զարգացման ծրագրի շրջանակներում: Ըստ այդմ, 2010-ին, Հայաստանի մարզերում բացվել են 5 խոշոր բժշկական հիմնարկներ: Նրա խոսքով, Ապարանի բժշկական կենտրոնում, Հայաստանի կառավարության եւ Համաշխարահային բանկի իրականացված ներդրումները կազմել են մոտ 1, 214 մլրդ դրամ
«Այսօր մենք ունենք լիարժեք վերանորոգված, վերազինված, անհրաժեշտ սարքավորումներով հագեցած հիվանդանոց, ինչը հնարավորություն կտա բնակիչներին բարձր մակարդակով բուժօգնություն տրամադրել:Բացի դրանից, բնակիչները այլեւս կարիք չունեն որեւէ բուժօգնության համար մայրաքաղաք գնալ, քանի որ հիվանդանոցը հագեցած է այն բոլոր անհրաժեշտ սարքավորումներով, ինչը հարկավոր է որակյալ բուժօգնություն կազմակերպելու համար»,-նշել է Քուշկյանը:
Ապարանի բժշկական կենտրոնում ներկայումս աշխատում է 38 բժիշկ, 76 միջին բուժաշխատող:
Նշենք, որ կենտրոնը հիմնանորոգվել է Համաշխարհային բանկի «Առողջապահական համակարգի արդիականացանում» վարկային ծրագրի շրջանակում: Ապարանի բժշկական կենտրոնը կազմավորվել է Ապարանի հիվանդանոցի եւ պոլիկլինիկայի միաձուլման արդյունքում: Բոլոր հիվանդանոցային ու պոլիկլինիկական ծառայությունները, բացառությամբ հակատուբերկուլոզային բաժանմունքի, տեղակայվել են բժշկական կենտոնի հիմնական մասնաշենքում: Ծրագրի արդյունքում վերանորոգվել է երկհարկանի հիմնական մասնաշենքը, կատարվել են տանիքի ծածկի տեղադրման, արտաքին պատերի հարդարման եւ արտաքին լուսավորության աշխատանքներ: Բացի դրանից, հիմնանորոգվել են տանիքը, ջրամատակարարման, էլեկտրասնուցման, գազամատակարարաման եւ ջեռուցման համակարգերը, ինչպես նաեւ կաթսայատունը:




























