«Զեննե պարող» (ռեժ. Մեհմետ Բինայ եւ Չաներ Ալպեր) թուրքական աղմկահարույց խաղարկային ֆիլմը հինգ մրցանակ է ստացել Թուրքիայի խոշորագույն կինոփառատոնում: Արմատներով հայ, կանադացի բեմադրող օպերատոր (cinematographer), Կանադական կինո-օպերատորների միության (CSC) անդամ Նորայր Կասպերն արժանացել է «Լավագույն օպերատոր» (Best Cinematographer) մրցանակին: Ֆիլմն ստացել է նաեւ Կինոքննադատների միության «Լավագույն ֆիլմ» մրցանակը, ինչպես նաեւ «Լավագույն առաջին ֆիլմ», Երկրորդ պլանի լավագույն դերասան եւ դերասանուհի մրցանակները:
«Զեննե պարող» ֆիլմում Ահմեդ Յըլդըզի ողբերգությունը հակադրվում է պահպանողական մտածելակերպին, բացահայտում է ավանդական արժեքների ու ուրբանիստական արդիականության միջեւ տեղի ունեցող բախումը: Այն առաջին թուրքական խաղարկային ֆիլմն է, որ անդրադառնում է Թուրքական բանակում տեղի ունեցող ստորացուցիչ վերաբերմունքը համասեռամոլների նկատմամբ: Ահմեդ Յըլդըզը 26 տարեկան էր, երբ սպանվեց: Ահմեդի հորը դատում են հեռակա կարգով` որդու ենթադրյալ սպանության մեղադրանքով, սակայն նրան հաջողվում է 3 տարիների ընթացքում խուսափել արդարադատությունից:
«Ինձ համար մեծ պատիվ է ստանալ «Ոսկե Նարինջ» մրցանակը, ասում է Նորայր Կասպերը, որը երեք տասնյակ ֆիլմերի, ինչպես նաեւ Ատոմ Էգոյանի «Օրացույց» ֆիլմի բեմադրող օպերատորն է (cinematographer):
«Մեհմետն ու Չաները հենց սկզբից ներգրավեցին ինձ ֆիլմի աշխատանքներին` ակնկալելով ստանալ պատկերի առանձնահատուկ տեսողական նկարագրություն: Նրանց նրբազգացությունը, մեծ նվիրվածությունը եւ հանգամանալից մոտեցումը աշխատանքին մեծապես տպավորել էին ինձ: Բացառիկ սյուժեն եւ նման խնդրի բարձրաձայնումը գրավեցին իմ ուշադրությունը: Նշեմ, որ ֆիլմի հեղինակ Մեհմեդ Բինայի հետ ծանոթացել եմ Հայաստանում 2008թ.»,- ասել է նա:
Նրա «Շշնջացող հուշեր» վավերագրական ֆիլմը, որը պատմում է Ցեղասպանության պատճառով կրոնափոխ հայերի մասին, ներկայացված էր 5-րդ ՈՍԿԵ ԾԻՐԱՆ միջազգային կինոփառատոնի ծրագրում:
Անթալիայի կինոփառատոնի մրցանակաբաշխությունը հեռարձակվել է տեղական ալիքներով եւ Եվրոպական NTV հեռուստաալիքով: Վիպասան Էլիֆ Սաֆակը «Զեննե պարող» ֆիլմը մեկնաբանել է հետեւյալ կերպ` «արտասովոր եւ հիանալի մի կինոնկար, որը հաղորդակից է դառնալու մեր ինքնագիտակցությանը»:
Համառեժիսոր Մեհմեդ Բինայը, ստանալով մրցանակը Նորայր Կասպերի փոխարեն, շնորհակալություն է հայտնել նրանից ֆիլմում յուրօրինակ գեղանկարչական պատկեր ստեղծելու համար:
Հարկ է նշել, որ Անթալիայի «Ոսկե Նարինջ» կինոփառատոնում 2009թ. Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմն արժանացել է գլխավոր մրցանակի:




























