Թուրքիան Գազայի ճգնաժամի կարգավորման հարցում կգրավի Պաղեստինի կողմը և կշարունակի այդ քաղաքականությունը, եթե անգամ միջազգային ասպարեզում միայնակ մնա։ Այս մասին NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։
«Նույնիսկ եթե մենք մենակ մնանք, մենք կշարունակենք պաղեստինյան գործը», - ասել է նա՝ նշելով, որ Իսրայելը մարդկության դեմ հանցագործություններ է կատարում Գազայում։ «Իսրայելը ռազմական հանցագործություններ և ցեղասպանություն է իրականացնում։ Անկախ նրանից, թե ինչ պատրվակներով է նա փորձում լեգիտիմացնել դրանք, ցեղասպանության փաստն ակնհայտ է»,- ընդգծել է Ալթունը։
Նրա խոսքով՝ Գազայի հատվածի կարգավորումը հինգշաբթի երեկոյան հեռախոսազրույցում քննարկել են Թուրքիայի եւ ԱՄՆ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ջո Բայդենը։ Հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ և նախաձեռնել է ԱՄՆ նախագահը, ասել է Էրդողանի խոսնակը։
Ալթունը նաև քննադատել է արևմտյան երկրներին Մերձավոր Արևելքում հակամարտությունը լուծելու անգործության համար, իսկ ՄԱԿ-ին՝ այն չկարգավորելու համար: «ՄԱԿ-ը չի կարող կանխել այս ցեղասպանությունը, չի կարողանում քայլեր ձեռնարկել, որոնք այն պետք է անի: Մենք տեսանք, որ այդ կառույցը չի գործում»,- հավելել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչը։
Էրդողանը Բայդենի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Գազայի հատվածում հումանիտար ողբերգությունը պետք է հնարավորինս շուտ ավարտվի, և որ Իսրայելին ԱՄՆ-ի անվերապահ աջակցության դադարեցումը կարող է արագ հրադադար ապահովել։ Նա դա անվանել է «ԱՄՆ-ի պատմական պատասխանատվությունը»:Թուրքիայի նախագահը նաև զգուշացրել է, որ Իսրայելի շարունակվող հարձակումները Գազայի հատվածում կարող են բացասական հետևանքներ ունենալ տարածաշրջանային և գլոբալ առումով։ Նրա կարծիքով, պաղեստինյան խնդրի «ամենակայուն և ողջամիտ լուծումը» 1967 թվականի սահմաններում Պաղեստինի անկախ, ինքնիշխան պետության ստեղծումն է, որի մայրաքաղաքն Արևելյան Երուսաղեմն է:





























