Հայաստանի փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ` ԼՂՀ կառավարության նիստում, այսօր` հոկտեմբերի 28-ին, քննարկվել են Հայաստանի մարզերի եւ  Արցախի վարչական շրջանների փոխգործակցության խորացմանն առնչվող հարցեր:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արմեն Գեւորգյանն ու ԼՂՀ վարչապետ Արամ Հարությունյանը բարձր են գնահատել վերջին տարիներին  ձեւավորված համագործակցությունը` միաժամանակ ընդգծելով  այն առավել սերտացնելու անհրաժեշտությունը: Կարեւորվել է նաեւ Երեւանի ու Ստեփանակերտի միջեւ կապերի խորացումը, ինչպես նաեւ այլ համայնքների միջեւ ուղիղ շփումների  հաստատումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՏԻՄ ոլորտի բարեփոխումների գործընթացին վերաբերող քննարկումներին նաեւ արցախցի մասնագետներին ներգրավելու մասին:

Կարեւորվել են գյուղատնտեսության ոլորտում փորձի, տեղեկատվության փոխանակման հարցերը: Անդրադարձ է եղել նաեւ զբոսաշրջային  հնարավորութունների ընդլայնման խնդիրներին: Նշվել է, որ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը նոր հեռանկարներ է բացելու ոլորտի զարգացման համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հայաստանի զբոսաշրջային ոլորտի կազմակերպությունների հետ  կքննարկեն նոր երթուղիների, զբոսաշրջային նոր փաթեթների մշակմանը վերաբերող հարցեր:

Խորհրդակցությունից հետո Ա. Գեւորգյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ստեփանակերտից  ոչ հեռու գտնվող ջեռուցման կաթսաների, վառարանների արտադրության  մեջ մասնագիտացած «Բիոտեխնոլոգիա» ընկերություն, ծանոթացավ արտադրությանը:  Գործարանի արտադրանքը նախատեսված է  համեմատաբար մեծ տարածքների (180-1500քմ)  ջեռուցման համար, եւ հիմնական պատվիրատուները  հիմնարկ-ձեռնարկությունները, դպրոցներն ու զորամասերն են: Նոր տեխնոլոգիաներով արտադրվող ջեռուցման համակարգերը նաեւ տնտեսապես շահավետ են, քանի որ շահագործման համար օգտագործվում է պինդ վառելիք: 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել գործարանի արտադրանքը նաեւ  Հայաստանում օգտագործելու վերաբերյալ:

ՀՀ փոխվարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ Արարատի, Լոռիի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի մարզպետները: Պատվիրակությունն այսօր կվերադառնա Երեւան: