Ուսանողակենտրոն համակարգ ստեղծելու հետ մեկտեղ պետք է պատասխանել հարցին, թե ներկա պահին Հայաստանում ո՞ւմ է պետք կրթված երիտասարդը, նա կարո՞ղ է պետության մեջ իր դիրքը եւ տեղը գրավել: Այս մասին այսօր` հոկտեմբերի 28-ին, «Բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումները Հայաստանում, մարտահրավերներ, արդյունքներ, հեռանկարներ» թեմայով քննարկմանն ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը` բոլոնյան գործընթացի մեջ կարեւորելով սոցիալական բաղադրիչը:
Նրա խոսքով` գործընթացի կենտրոնում գտնվում են այն խավերը, որոնք սոցիալապես խոցելի են:
Անուշ Սեդրակյանը կարեւորեց «կրթություն ամբողջ կյանքի ընթացքում» սկզբունքը` հավելելով, որ երբեմն մեր գիտելիքները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին: «Հայաստանում դասախոսը եւ ուսանողը չեն հետապնդում մեկ պրոֆեսիոնալ նպատակ»,- նշեց Աուշ Սեդրակյանը:
Քննարկման մասնակիցներից` ՀԱԿ կրթության եւ գիտության հանձնաժողովի համակարգող Սամվել Կարաբեկյանի կարծիքով` բարեփոխումների պրոցեսում հիմնական խոչընդոտը ակտիվ քննարկումների պակասն է: Նա կրթական ոլորտում նկատում է մեկ միտում` համաժողովներում մասնակիցների կազմը միշտ նույնն է: «Բարեփոխումների պրոցեսը, նախաձեռնված լինելով վերեւից, այդպես էլ, չստացավ համապատասխան ներքին հենարաններ, հիմնական դերակատարնները պետք է լինեն ուսանողները եւ դասախոսները»,- ասաց ՀԱԿ ներկայացուցիչը` առանձնացնելով մի շարք խնդիրներ, օրինակ` բուհերի կարգավիճակը: Նա նշեց, որ գործ ունենք բարեփոխումների մենաշնորհացման հետ, որովհետեւ բարեփոխումները իրականացնում են սահմանափակ թվով մարդիկ: Անդրադառնալով քննարկման ընթացքում բարձրացված հարցերին` Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը միեւնույն ժամանակ նշեց բոլոնյան համակարգի ներդրման արդյունքում մեր ձեռքբերումները` դիպլոմները ճանաչված են արտասահմանում, հայ ուսանողները կարող են շրջել օտարերկրյա բուհերում, ավելացել են արտասահմանցի ուսանողների թիվը: Ի դեպ, մինչեւ նոյեմբերի վերջ կներկայացվի բոլոնյան պորտալը, որտեղ կներկայացվի ամեն բուհ:
Նշենք, որ Հայաստանում բարձրագույն կրթության բարեփոխումների հիմքում եվրոպական համակարգն է` հիմնված 1999թ Բոլոնիայի հռչակագրով, որին Հայաստանը միացել է 2005թ-ին:




























