Հայաստանի պաշտպանության նախարարությունում, այսօր` հոկտեմբերի 28-ին, տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, որի ընթացքում նախարար Սեյրան Օհանյանը սպառնացել է բանակում տիրող իրավիճակի դեմ բողոքողներին:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սեյրան Օհանյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Մենք հասկանում եւ ընդունում ենք արտակարգ պատահարներից հետո հասարակության կողմից բանակին ուղղված կառուցողական քննադատությունը, ավելին` այդ քննադատությունը օգտակար է եւ պետք է դասեր քաղել դրանից, սակայն անընդունելի ենք համարում որոշ խմբերի կողմից բանակի խնդիրների միտումնավոր եւ ամենօրյա շահարկումը: Այսուհետեւ պաշտպանական գերատեսչությունը առավել խիստ մոտեցում է ցուցաբերելու բոլոր նրանց նկատմամբ, ովքեր բանակը վարկաբեկում են ամեն գնով ու եթե այդ մարդիկ կեղծ տեղեկություններ եւ հերյուրանքներ տարածելով փորձեն վնաս հասցնել բանակին, իրավական դաշտում նրանց պատասխանատվությունը լինելու է անխուսափելի»:
Կալոգիայի նիստում քննարկվել են նաեւ Զինված ուժերի հրթիռային զորքերի եւ հրետանու մարտական պատրաստության վիճակը, ինչպես նաեւ հրետանու ուսումնանյութական բազայի կատարելագործման ուղիները:
Զեկույցներով հանդես են եկել ԶՈՒ հրթիռային զորքերի եւ հրետանու վարչություն պետ, գեներալ-մայոր Ա. Մարդոյանը եւ բարձրաստիճան այլ զինվորականներ:
Կոլեգիայի նիստի ընթացքում պաշտպանության նախարարն անդրադարձել է նաեւ վերջին շրջանում բանակում տեղի ունեցած արտակարգ պատահարներին եւ խիստ ցուցումներ է տվել նիստին ներկա հրամանատարներին` արտակարգ պատահարների կանխարգելման ուղղությամբ աշխատանքները կատարելագործելու վերաբերյալ:




























