Ռուսական կողմն էլ ընդունել է, որ խախտումներ են եղել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլագիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը` անդրադառնալով Հայաստանում ռուսական հեռուստաալիքների շուրջ ծավալվող իրադարձություններին ու ռուսական կողմի հետ բանակցություններին։

Նախարարի խոսքով` ռուսական կողմի հետ հանդիպմանն անդրադարձել են հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող ռուսական հեռուստաալիքներում եղած խախտումներին։

Դիտարկմանը, որ ռուսական կողմը հայտարարել է, որ հայկական կողմը խախտումների վերաբերյալ որեւէ փաստ չի ներկայացրել, նախարարն ասաց. «Ես խնդրում եմ՝ առաջնորդվեք մեր պաշտոնական հայտարարություններով: Խոսքը ոչ թե կոնկրետ խախտումների մասին է, այլ փաստի մասին, որ խախտումներ կան,թ ե չկան: Նույնիսկ կարիք չի եղել փաստեր ներկայացնելու, մենք ընդամենն ասել ենք, որ խախտումներ են եղել, եկեք դետալային չքննարկենք, և ընդունվել է, որ խախտումներ եղել են»,– ընդգծեց նա՝ նշելով, որ բանակցային պրոցեսի մասին այլ մանրամասներ չի ասի։

Նրա խոսքով՝ կոնսուլտացիաների արդյունքում ստորագրվել է փաստաթուղթ, որի մեջ արձանագրված է այդ ամենը։

Հարցին՝ ինչո՞ւ ռուսական ալիքները հանրային մուլտիպլեքսից հանելու հարցն օրակարգ չմտցվեց, Խաչատրյանը պատասխանեց. «Քանի որ ռուսական կողմի հետ կոնսուլտացիաներից էր կախված մեր հարաբերությունները, դրա համար նման հարց մտնել կամ չմտցնելտը սխալ կլիներ: Եթե մեր գործընկերները պարտավորվում են, որ կարողանան ապահովել համաձայնագրի բոլոր կետերի պատշաճ պահպանումը, դա մեր կողմից ընկալվում է որպես նման հաղորդումների եթեր չեն հեռարձակվի»:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ հայկական կողմը չհասավ նրան, որ ռուսական ալիքների եթերից հայ ժողովրդին ներողություն խնդրեին լկտի պահվածքի համար, ԲՏԱ նախարարն արձագանքեց. «Ես չեմ մեկնաբանում»:

Հիշեցնենք` ՀՀ ԲՏԱ նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի արձանագրած խախտումների փաստը ռուսական կողմը ընդունել է, ինչի արդյունքում երկու երկրների միջև ստորագրվել է համատեղ հայտարարություն։

ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունն իր հերթին արձագանքել էր, թե Հայաստանը ռուսական հեռուստաալիքների կողմից միջպետական համաձայնագրի խախտման վերաբերյալ փաստաթղթային ապացույցներ չի ներկայացրել։