Այսօր «Երեւան Ջուր» ՓԲԸ հյուրընկալել է Հայաստանի փրկարար ծառայության հետ համատեղ իրականացվող «ՀՀ սեյսմիկ ռիսկի գնահատման եւ կառավարման պլանավորման» ծրագրի փորձագետներին, որոնք ժամանել էին Ճապոնիայից:
Հանդիպման նպատակն էր համագործակցել Ընկերության մասնագետների հետ ջրամատակարարման ոլորտում տարերային աղետների ժամանակ ի հայտ եկած խնդիրներին ուղղված կանխարգելիչ միջոցառումների մշակման եւ կազմակերպման հարցում:
«Երեւան Ջուր» ընկերության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հյուրերը ներկայացրել են իրենց կատարած ուսումնասիրությունները մայրաքաղաքի սեյսմիկ տեսանկյունից ամենառիսկային կետերի վերաբերյալ, որին «Երեւան Ջուր» ընկերության մասնագետներն արձագանքել են` ներկայացնելով իրենց առաջարկները: Վերջիններս վերաբերում էին հիմնական ջրագծերին, ջրամբարներին եւ կապտաժներին սպառնացող վտանգների կանխարգելման եւ այս մասով ռիսկերի նվազեցման վերաբերյալ հետազոտություններ կատարելուն:
Առաջարկը բավականին ոգեւորել է փորձագետներին եւ նրանց խնդրանքով Ընկերության մասնագետները ցուցաբերելու են աջակցություն հետազոտական հետագա աշխատանքների իրականացման գործընթացում:



























