Հայաստանի ամենախոշոր հարկատուն լինելով՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ)  կայուն զարգացման գործունեության նոր չափորոշիչներ է մտցնում։ Այս մասին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) զարգացման թեմային նվիրված համաժողովում դեկտեմբերի 19-ին ասել է տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, կառավարող «Քաղպայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Նա հույս է հայտնել, որ այդ չափորոշիչները կընդունեն նաեւ մյուս ընկերությունները։ Նրա գնահատմամբ՝ առանց կայուն զարգացման անհնար է տնտեսության զարգացումը։ «Կայուն զարգացումը ոսկե միջինն է, որը նշանակում է բացառել բնական պաշարների ներկա ագրեսիվ շահագործումը, ինչպես նաեւ անգործությունը, ինչպես ցանկանում են որոշ բնապահպան ակտիվիստներ։ Կայուն զարգացումն ինձ համար պատասխանատու գործունեություն է։ Դա նշանակում է աշխատել այսօր՝ չվնասելով ապագայի հնարավորություններին»,- նշել է Թունյանը։

Նրա խոսքով՝ կարծիք է ձեւավորվել, որ վերահսկողության քայլերը պետք է ձեռնարկի պետությունը։ «Ուրախալի է, որ ընկերություններն այսօր իրենք են նախաձեռնում շրջակա միջավայրի պաշտպանության եւ համայնքների հետ համագործակցության նախագծեր»,- ընդգծել է նա։

Պատգամավորը համոզված է, որ հենց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է հատուկ ակտիվություն ցուցաբերում այս ուղղությամբ։