Եթե մինչեւ հիմա վարչախումբը սխալ քաղաքականություն էր վարում, վերջերս այդ քաղաքականությունը ստացել է սուր արտահայտված մարազմատիկ բնույթ: Այս մասին այսօր` հոկտեմբերի 28-ին, Ազատության հրապարակում, ՀԱԿ-ի հանրահավաքում հայտարարել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Նա անդրադարձել է հայկական ատոմակայանում ստեղծված իրավիճակին, որի 158 աշխատակիցները պահանջում էին բարձրացնել իրենց աշխատավարձերը:
«Մեր համերաշխությունը հայտնենք ատոմակայանի աշխատակիցներին: 90 թվականին, երբ ես դեռ էկոնոմիկայի առաջին փոխնախարար էի, առաջարկել եմ վարչապետ Վազգեն Մանուկյանին, որ վերագործարկենք ատոմակայանը: Եւ Վազգեն Մանուկյանը, եւ Գագիկ Հարությունյանն ու Խոսրով հարությունյանը մատը մատին չխփեցին:
Երբ դարձա վարչապետ, որոշեցինք վերագործակցել: Այն ժամանակ ոչ ոք չէր հավատում, որ դա հնարավոր է: Ատոմակայան բացելը ոչ պակաս բարդ էր, քան պատերազմ մղելը: Աշխարհում չկար որեւէ երկիր, որ ուզենար, որ Հայաստանը ատոմակայանը բացեր:
Սա միակ տեխնոլոգիան է, որ ունենք մենք եւ չունեն մեր հարեւանները: Գաղտնիք չէ, որ ատոմակայանը աշխատում է միջուկային վառելիքով, եւ մնում են թափոններ: Մեր թափոնները չեն հանվել 1978-ից: Մեր ուժերով, 99 տոկոս մեր փողով վերագործարկվեց: 1995-ից 24 ժամ հոսանք ունենք: Թուրքիան, Ադրբեջանը բողոքում են ատոմակայանի գոյությունից:
Հիմա ի՞նչ է եղել, որ մի քանի կոպեկի համար ուզում են ատոմակայանը փակել: Նորմալ բան են ուզում մարդիկ, աշխատավարձի տարրական բարձրացում: Ո՞ւմ պարզ չէ, որ փակելով ատոմակայանը, մենք մի լուրջ կռվան ենք զոհաբերում, որը նաեւ քաղաքական կռվան է: Ատոմակայանը պետք է աշխատի, եւ այն պետք է փակվի, երբ նորը պատրաստ կլինի»,- հայտարարեց նա:



























