«Սերժ Սարգսյանին առաջարկում եմ Կարեն Կարապետյանի պես հրաժարական գրել, որովհետեւ ցանկացած հրաժարական տղամարդկություն է պարունակում»,- այսպես սկսեց իր խոսքը ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, այսօր` հոկտեմբերի 28-ին, ՀԱԿ-ի հերթական հանրահավաքում:

«Սերժ Սարգսյանը պետք է Կարեն Կարապետյանների պես տղամարդ լինի ու հրաժարական տա»,- ասաց նա:

«Այսօր ճանապարհները փակ են եղել ավելի կոշտ մեթոդներով, քան նախորդ հանրահավաքների ժամանակ: Բոլոր մարզերը ատելությամբ են խոսում այն իշխանության մասին, որ թույլ չի տալիս գալ մայրաքաղաք:

Իշխանությունը  մտածում է այնքան կեղծել մարդահամարի տվյալները, որ ընտրությունների ժամանակ օգտագործեն: Գեղի կլուբի նման մարդահամար են արել:

Մենք նկարահանել ենք բոլոր այդ ոստիկաններին, բոլորիդ անունները ֆիքսված են, ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքի խախտման համար պատասխան եք տալու: Հիշեք սա, մենք հիշելու եւ հիշեցնելու ենք»,- հայտարարեց նա:

«Հայաստանի իշխանության բանաձեւը այսպիսին է. Սերժ Սարգսյան+աթոռ հավասար է աթոռ: Նրա զարկերակները աթոռով է գնում: Որ պահին այդ աթոռը չեղավ, նրա կողքին մարդ չի լինելու: Այդ աթոռը շուտով սպառվելու է»,- համոզմունք հայտնեց ՀՀՇ վարչության ղեկավարը: