Վանաձոր քաղաքում արդեն պատրաստվում են ձմռանն ու առաջին ձյանը: Խոսքը վերաբերում է տեխնիկական միջոցներին, ձյունաթափ մեքենաներին ու սառցակալմանը խոչընդոտող աղի չափաքանակին:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանը, արդեն լիովին պատրաստ են անհրաժեշտ մեքենասարքավորումերը, քաղաք է բերվել 35-40 տոննա աղի չափաքանակ: «Սա միայն առաջին չափաքանակն է, որովհետեւ եղանակներից ենթադրում ենք, որ ձյունը կարծես թե շուտ է սպասվում, ավելի կոնկրետ` մոտ օրերս: Դրա համար ձեռք բերեցինք փոքր չափաքանակ, որ մինչեւ դեկտեմբերի վերջ օգտագործենք ձյան մաքրման համար, որ քաղաքի գոնե կենտրոնական փողոցները չսառցակալվեն»,- նշեց Լյովա Մելիքյանը:
Մեքենաների թվի փոքր լինելու մասին խոսելիս էլ նա շեշտեց, որ թեպետ համաձայն է, որ ձյունաթափ տեխնիկասարքավորումները քաղաքում քիչ են, բայց նաեւ չի կարելի ասել, թե բավարար չեն հիմնական երթեւեկելի փողոցներում մաքրման ու աղալցման աշխատանքներ կատարելու համար: Դեկտեմբերի վերջին հայտարարված մրցույթի արդյունքների համաձայն պարզ դարձած հաղթող կազմակերպությանը կտրամադրվի աղի լրացուցիչ չափաքանակ:




























