Երեք տարի առաջ մեկ մեգաբիթ ինտերնետ կապը Հայաստանում արժեր մեկ միլիոն 200 հազար դրամ, իսկ այսօր այն արժե 34 հազար դրամ: Դա էական առաջընթաց է, քանի որ հնարավորություն է տալիս ապահովել ինտերնետի հասանելիությունը: Այդ մասին հոկտեմբերի 30-ին կայացած ՀՀԿ տնտեսական կոնֆերանսի ժամանակ ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Մի շարք գործոններ կան, որոնք ազդել են գների նվազման վրա: Առաջինը, Հայաստանի կառավարությունը տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության ոլորտը հռչակել է որպես առաջանահերթություն: Ունենք խորհուրդ, որում ներառված են մասնավոր հատվածի ներկայացուցիչները, որոնք մեզ հետ միասին քննարկում են համալիր միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքը, որի նպատակն է ստեղծել բարենպաստ միջավայր այս ոլորտի զարգացման համար»,- նշել է նա:
Վերջինիս խոսքով, Հայաստանում իրականացվել են օրենսդրական փոփոխություններ, ընդունվել բազմաթիվ նորմատիվային ակտեր, հանձնարարականներ են տրվել բոլոր գերատեսչություններին` վերացնելու համար այն գործառույթները, որոնք խոչընդոտում են տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը: «Եթե ընդամենը երեք տարի առաջ մենք ունեինք 80 հազար ինտերնետից օգտվող, ապա այսօր այդ թիվը կազմում է 350 հազար: Սա հանրության բավական լուրջ զանգված է: Ինտերնետն այսօր սովորական ընտանիքի համար դարձել է անբաժանելի մաս»,- նկատել է Տիգրան Սարգսյանը:




























