Երեւանում, հոկտեմբերի 30-ին կայացած Հայաստանի հանրապետական կուսակցության առաջին տնտեսական կոնֆերանսի արդյունքում ընդունվել է բանաձեւ: Այն համաժողովի մասնակիցներին է ներկայացրել ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա, մասնավորապես, նշել է.

«Հայաստանի հանրապետական կուսակցության տնտեսական կոնֆերանսի պատվիրակները դրական են գնահատում Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2011 թվականների գործունեության արդյունքները:

Համաժողովը, ամփոփելով իր արդյունավետ աշխատանքները, առաջարկում է.

ՀՀԿ ղեկավար մարմիններին`

1. Քննարկել ՀՀ կառավարության 2008-2011 թվականների գործունեության արդյունքների հիման վրա ՀՀԿ այլ թեմատիկ-ոլորտային համաժողովների կազմակերպման եւ անցկացման հնարավորությունը:

2. Շարունակել կուսակցության արտաքին կապերի եւ միջազգային համագործակցության ընդլայնման քաղաքականությունը:

ՀՀԿ մարզային եւ տարածքային կառույցներին`

1. Ջանքեր գործադրել, որպեսզի ՀՀ կառավարության նախաձեռնած լայնածավալ բարեփոխումները հասանելի լինեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար ՀՀ ողջ տարածքում:

2. Մարզերում եւ տարածքներում ՀՀԿ-ի անդամներին եւ համակիրներին ներկայացնել եւ նրանց հետ քննարկել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2011 թվականների գործունեության արդյունքները եւ ՀՀԿ-ի տնտեսական կոնֆերանսի բանաձեւը:

3. ՀՀԿ-ի անդամների եւ լայն հանրության հետ քննարկումների արդյունքում ձեւակերպել եւ ներկայացնել առաջարկներ, որոնք հիմք կհանդիսանան 2012 թվականի ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ Հայաստանի Հանրապետական Կուսակցության նախընտրական ծրագրի տնտեսական մասի մշակման համար»:

Ամփոփելով կոնֆերանսի աշխատանքները ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնավորապես ասել է. «Այսօր մենք հնարավորություն ունեցանք նաեւ զեկուցել հանրապետության նախագահին մեր կոնֆերանսի ընթացքի մասին եւ մեր բանաձեւում ներառեցինք նաեւ հանրապետության նախագահի առաջարկն այն մասին, որ այսպիսի կոնֆերանսները մենք պետք է դարձնենք ավանդական եւ ակնցկացնենք ոչ միայն Երեւանում, այլ նաեւ մարզերում: Երկրորդը` այսօրվա մեր տնտեսական կոնֆերանսը ցույց է տալիս, որ բանաձեւում արտահայտված այն միտքը, որ Հանրապետական կուսակցությունը մնալով այսօր եւ լինելով մեր քաղաքական դաշտում ուժեղագույն քաղաքական կառույց կրում է մեր ժողովրդի քվեի շնորհիվ պատասախանատվությունը տնտեսական եւ սոցիալական քաղաքականության համար եւ մենք տեսնում ենք, որ այսօր առկա է այդ կարողությունը համախմբելու մեր քաղաքական ուժերը հանրապետության նախագահի շուրջ, որպեսզի կարողանանք լուծել մեր ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները: Երրորդը` ակնհայտ է, որ իշխող կուսակցությունը պետք է լինի աչալուրջ. Մենք պետք է լինենք զգոն: Դա նշանակում է, որ առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնենք մեր գործունեության մեջ թափանցիկության վրա եւ մենք պետք է հաշվետու լինենք մեր կուսակիցներին, մեր ժողովրդին: Այդ առումով չափազանց կարեւոր է մեր բանաձեւի այն հանձնարարականը, որ մենք ձեզ հետ միասին պետք է կազմակերպենք հանդիպումներ մեր կուսակիցների հետ, հանրության հետ քննարկելու այն արդյունքները, որոնք այսօր ներկայացվեցին ձեր դատին: Միեւնույն ժամանակ պետք է արձանագրենք, որ այս կոնֆերանսը նպատակ ուներ ամփոփելու չորս տարվա մեր աշխատանքների արդյունքներ: Դա նշանակում է, որ մեր հաջորդ հանդիպումն արդեն իսկ միտված է լինելու դեպի ապագա: Դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ տրվում է հանձնարարական տեղերում մեր կուսակիցների եւ հանրության հետ քննարկել այս փաստաթուղթը եւ միեւնույն ժամանակ հավաքագրել առաջարկություններ, որոնց հիման վրա մենք ձեզ հետ միասին կքննարկենք նաեւ կուսակցության նախընտրական ծրագրի տնտեսական բլոկը»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Երեւանում կայացել է ՀՀԿ տնտեսական առաջին կոնֆերանսը: