Հայ առաքելական եկեղեցին առանձնահատուկ տեղ ունի հայ իրականության մեջ, բայց բայց դա պետք է վերաբերի հոգեւորին, ոչ` նյութականին: Այս մասին այսօր` հոկտեմբերի 31-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն, անդրադառնալով Եկեղեցուն հարկային արտոնություններ տալու նախաձեռնությանը, որը բուռն հակազդեցություն էր առաջացրել հասարակական որոշակի շրջանակներում:
«Սա նուրբ հարց է: Մյուս կողմից ակնհայտ է, որ բոլոր քաղաքացիները ենթակա են եղել խորհրդային համակարգին: Որպես առաջին զոհերից մեկը պետք է նշել Հայ առաքելական եկեղեցու սպասավորներին: Եւ իհարկե եղել է թալանված, խլված գույք, որը պետությունը պարտավոր է հատուցել: Մենք մի մտավախություն ունենք, արդյոք այդ գույքը հանձնելը ճի՞շտ է: Սա կարող է դուռ բացել հակահայաստանյան որոշակի քայլերի միջազգային ատյաններում: Կրոնական կազմակերպությունները կարող են աղմուկ բարձրացնել: Որքանո՞վ ենք պատրաստ դիմագրավել»,- ասաց դաշնակցական գործիչը:
Նա հիշեցրեց, որ մինչ այս էլ Եկեղեցին իր ունեցվածքի համար հարկեր չէր վճարում:
«Իմ խնդիրն է քաղաքական գնահատական տալ, իսկ թվաբանական հաշվարկները այլ հարց են: Մենք ցուցակի նկատմամբ էլ առանձնակի մտահոգություններ չունենք»,- հավելեց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Եկեղեցուն հողի հարկի եւ գույքահարկի արտոնությունների մասին օրինագիծն ԱԺ-ում բուռն քննարկումների առիթ է դարձել: Բանն այն է, որ հարկային արտոնությունների ենթակա օբյեկտների շարքում ներկայացվել է 286 կառույցի ցանկ, այդ թվում հողատարածք` 20 հատ, հողամաս` 45 հատ, բնակարան` 35, առանձնատուն` 4, ճաշարան` 4, արոտ, արոտավայր` 4, վարելահող` 4, կինոթատրոն` 2, արտադրամաս` 4, ֆուտբոլի մարզադաշտ` շրջակա կառույցներով` 11, արհեստական լիճ եւ լճի տակ գտնվող մառան` 2 եւ այլն:



























