Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն այսօր` հոկտեմբերի 31-ին, հանել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գույքի եւ հաշիվների վրա դրված կալանքը` բռնագանձելով դատարանի վճռով սահմանված գումարը:

Թերթի պատասխանատու խմբագիր Հայկ Գեւորգյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ բռնագանձվել է ընդհանուր առմամբ 6 միլիոն 545 հազար 700 դրամ: «Հայկական ժամանակը» հրաժարվել է կամավոր վճարել գումարը, ուստի ԴԱՀԿԾ-ն 5 տոկոս տույժ է կիրառել «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի նկատմամբ` 311 հազար 700 դրամի չափով:

Նշենք, որ թերթի դեմ դատական հայց էին ներկայացրել Ազգային Ժողովի պատգամավորներ Ռուբեն Հայրապետյանը, Լեւոն Սարգսյանն  ու Սամվել Ալեքսանյանը: 2010թ. հոկտեմբերի 14-ին թեռրթը հրապարակել էր «Ութից յոթը ցուցակում են» վերնագրով հոդված, որտեղ Մոսկվայի «Միաբանություն» ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանը պնդում էր, թե հայաստանցի ութ բարձրաստիճան անձանց, այդ թվում վերոնշյալ պատգամավորների անունները շրջանառվում են նարկոթրաֆիքի, թրաֆիկինգի եւ փողերի լվացման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնությունում հարուցված քրեական գործերում:

Դատարանը «Հայկական ժամանակ» հօգուտ յուրաքանչյուր պատգամավորի 2 մլն 44 հազար դրամ բռնագանձելու որոշում էր կայացրել:

Ողջ գումարը հավաքվել էր «Հայկական ժամանակ» թերթի հայտարարության հանգանակության արդյունքում: