«Լոս Կուրվա» ավազակախմբի՝ միջազգային հետախուզման մեջ գտնվող պարագլուխները ձերբակալվել են Կոլումբիայի Վալյե դել Կաուկա դեպարտամենտում։ Ըստ քննության տվյալների՝ նրանք ԱՄՆ եւ ԵՄ շուկաներ են մատակարարել ամսական հինգ տոննա կոկաին, տեղեկացրել է Կոլումբիայի պաշտպանության նախարարությունը։

«Թմրավաճառքին ծանր հարված է հասցվել։ Ոստիկանության, ռազմածովային նավատորմի, Կոլումբիայի դատախազության եւ Էկվադորի ոստիկանության համակարգված գործողության ընթացքում «Կուրվա» եւ «Չանչի» մականուններով եղբայրները, որոնք գլխավորում էին «Լոս Կուրվա» հանցավոր կառույցը, ձերբակալվել են  Կանդելարիա եւ Բուենավենտուրա մունիցիպալիտետներում, որոնք գտնվում են Վալյե դել Կաուկա դեպարտամենտում»,- նշվել է նախարարության Х ցանցի հաղորդագրությունում։

Թմրավաճառների պարագլխի՝ «Կուրվայի» նկատմամբ գործում է ԱՄՆ արտահանձնելու պահանջը, նրա եղբայրը նույն՝ թմրավաճառության մեղադրանքով, միջազգային հետախուզման մեջ էր Ինտերպոլի գծով։ Քննության տվյալներով՝ ձերբակալվածները, օգտվելով մեքսիկական թմրակարտելների օգնությունից, օգտագործել են նավակներ եւ ձկնորսանավեր՝ կոկաինն ԱՄՆ եւ Եվրոպա ուղարկելու համար Կոլումբիայի խաղաղօվկիանոսյան ափերից եւ Էկվադորի Էսմերալդաս նահանգից։ Մատակարարումների ծավալները գերազանցել են ամսական հինգ տոննան։