Երկրաշարժից հետո անցած մեկ շաբաթում ճապոնական Իսիկավա պրեֆեկտուրայի Նոտո թերակղզու շրջանում տեղի են ունեցել մեկ բալից բարձր (ըստ Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակի) 1 214 ստորգետնյա ցնցումներ, տեղեկացրել է NHK հեռուստաալիքը։

Օդերեւութաբանները նախազգուշացրել են, որ երկրաշարժից հետո անցած մեկ շաբաթվա ընթացքում պետք է զգուշանալ ուժեղ ստորգետնյա ցնցումներից։

Ճանապարհների եւ հաղորդակցությունների ավերածությունների պատճառով երկրաշարժի հետեւանքները դեռ լիովին պարզված չեն։ Դա վերաբերում է առաջին հերթին Վաձիմա եւ Սուձու քաղաքներին։ Փրկարարները եւ տեղի իշխանությունները ֆիզիկապես անկարող են հասնել մի շարք շրջաններ՝ գնահատելու համար աղետի մասշտաբները։ Դա վերաբերում է նաեւ ավերված տների, զոհերի եւ տուժածների թվին։

Իրավիճակը տուժած շրջաններում վատթարանում է նաեւ ձյան եւ սառը եղանակի պատճառով (0-4 աստիճան), մինչ այժմ տնային տնտեսությունները դեռ լույս ու ջուր չունեն։ Ձյունը Սուձու քաղաքում հասել է 12 սանտիմետրի, Վաձիմայում՝ 9։ Այն կարող է շենքերի նոր ավերածությունների պատճառ դառնալ շարունակվող ստորգետնյա ցնցումների պայմաններում։ Ձյունը նաեւ դանդաղեցնում է ճանապարհների վերականգնման աշխատանքը, դա օգնությունն առավել տուժած շրջաններ հասցնելու գլխավոր պայմանն է։

Զոհերի թիվը Նոտո թերակղզում հասել է 161-ի, եւս 103 մարդու հետ կապ հաստատել չի հաջողվում։ Նախօրեին հայտնի է դարձել, որ ավելի քան 2 300 մարդ կտրված է մնում հաղորդակցություններից՝ ճանապարհների եւ կամուրջների փլվելու պատճառով։