Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) որոշում է կայացրել կանգնեցնել դեղորայքի առաքման առաքելությունը Գազայի հատվածի հյուսիս՝ անվտանգության երաշխիքներ չստանալու պատճառով։

«Ուժեղ ռմբակոծությունները, տեղաշարժման սահմանափակումները, կապի խափանումները գրեթե անհնար են դարձնում դեղորայքի առաքումը Գազա, հատկապես հյուսիս»,- մեջբերել են արեւմտյան ԶԼՄ-ները ԱՀԿ հայտարարությունը։

«Անցել է 12 օր այն պահից, երբ մենք կարողացանք հասնել հյուսիսային Գազա»,- նշել են ԱՀԿ պաղեստինյան տարածքի գրասենյակում։

Կազմակերպությունում նշել են, որ կիրակի օրվա համար նախատեսված առաքելությունը, որը ստիպված են եղել չեղարկել, պետք է օգներ հինգ հիվանդանոցների աշխատանքին անկլավի հյուսիսում։

Associated Press-ը տեղեկացրել է, որ բուժաշխատողները, պացիենտները եւ տեղահանված մարդիկ լքում են «Ալ-Աքսայի նահատակների» հիվանդանոցը Դեյր-էլ-Բալահում, որը հիմնական բուժհաստատությունն է կենտրոնական Գազայում, այն պատճառով, որ մարտերն իսրայելցի զինվորների եւ պաղեստինցի աշխարհազորայինների միջեւ ավելի են մոտենում այդ օբյեկտին։

ՄԱԿ տեղեկատվության համաձայն՝ Գազայում այժմ մասամբ գործում է 36 հիվանդանոցներից 13-ը։