Առնվազն վեց ոստիկան զոհվել, 27 հոգի վիրավորվել է իրավապահների դեմ ահաբեկիչների հարձակման հետեւանքով, իրավապահներն ապահովում էին բժիշկների անվտանգությունը Պակիստանի հյուսիս-արեւմուտքում երեխաներին պոլիոմիելիտի դեմ պատվաստման ընթացքում։ Այս մասին տեղեկացրել է The Nation թերթը։

Գրոհը ոստիկանների եւ բժիշկների բրիգադի դեմ կատարվել է Աֆղանստանին սահմանակից Բաջաուր շրջանում (Հայբեր-Փահթունհվա նահանգ), ահաբեկիչները պայթեցրել են հզոր ռումբ ոստիկանների ավտոշարասյան ճանապարհին։ Բժիշկները չեն տուժել։

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Թեհրիկ-ի-Թալիբան Պակիստան» արգելված խմբավորումը, որը Աֆղանստանի տարածքից գրոհներ է իրականացնում Պակիստանի դեմ։