Ճապոնական All Nippon Airways ավիաընկերության ներքին չվերթը շաբաթ օրը, թռիչքը չավարտած, վերադարձել է օդանավակայան այն բանից հետո, երբ հայտնաբերվել է ճաք Boeing 737-800 ինքնաթիռի օդաչուի խցիկի ապակու վրա, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով ավիաընկերության ներկայացուցչին։
1182 չվերթը ուղղություն էր վերցրել Տոյամա օդանավակայանից, բայց հետ է վերադարձել Սապորո-Նյու Տիտոսեի օդանավակայան այն բանից հետո, երբ հայտնաբերվել է ճաք պատուհանների չորս շերտերից ամենաարտաքին շերտին, ասել է ներկայացուցիչը՝ ավելացնելով, որ 59 ուղեւորների եւ անձնակազմի վեց անդամների վնասվածքների մասին տեղեկություններ չեն ստացվել։
«Ճաքը չի ազդել թռիչքի կառավարման կամ հերմետիկացման վրա»,- ասել է ANA-ի ներկայացուցիչը։
Սա առաջին նման միջադեպը չէ՝ Boeing 737 MAX 9 ինքնաթիռների հետ կապված։ Անցած շաբաթ «բոինգները» հայտնվել են ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ անցած շաբաթ Alaska Airlines ավիաընկերության նոր ինքնաթիռից թռիչքի ժամանակ պոկվել էին իլյումինատորը եւ ֆյուզելյաժի մի մասը։
ԱՄՆ-ն, Եվրոպան եւ Թուրքիան ժամանակավորապես դադարեցրել են Boeing ինքնաթիռների շահագործումը անվտանգության նոր ստուգումներ իրականացնելու նպատակով։




























