Իսլանդիայի հարավարևմուտքում կրկին հրաբուխ է  ժայթքել․ այն տեղի է ունեցել ոչ հեռու  Գրինդավիկ ձկնորսական ավանի մոտ, որը տարհանվել է, հայտնում է BBC-ն։

Ժայթքումը սկսվել է Գրինվիչի ժամանակով ժամը 03։00-ին, և ինչպես հայտնում է իսլանդական RUV հանրային հեռարձակողը, պարզ չէ, թե որ ուղղությամբ է հոսում լավան։

«Գրինդավիկից հյուսիս, կառուցվող ամբարտակների երկու կողմերում ճեղք է առաջացել»,- գրել է երկրի օդերևութաբանական բյուրոն։

Գրինդավիկը տարհանվել էր նոյեմբերին, փակվել էր նաև հայտնի Blue Lagoon տեսարժան վայրը։ Այնուհետև դեկտեմբերին ժայթքում տեղի ունեցավ, բայց լավան հոսեց քաղաքից հեռու։

Իսլանդիան գտնվում է մոլորակի խոշորագույն երկու՝ Եվրասիական և Հյուսիսամերիկյան տեկտոնական սալերի միջև,  և ունի 33 գործող հրաբխային համակարգ, քանի որ սալերը շարժվում են հակառակ ուղղություններով: