Բաշկորտոստանում նախօրեին մի քանի հազար մարդիկ ցույցի են դուրս եկել Բայմակ քաղաքի (բնակչությունը՝ 17 հազար մարդ) դատարանի շենքի առջեւ։ «Քուշթաու-Բայրամ» Թելեգրամ-ալիքը հաշվել է մոտ հինգ հազար մարդ։ Նրանք աջակցում են ակտիվիստ Ֆաիլ Ալսինովին, կան նաեւ այլ պահանջներ։
Երկուշաբթի պետք է կայացվեր Ալսինովի դատավճիռը։ Դատարանը որոշեց նիստը տեղափոխել չորեքշաբթի՝ հունվարի 17-ին։ Պետական մեղադրողը Ալսինովի համար պահանջում է 4 տարվա գաղութային բանտարկություն ատելության եւ թշնամանքի տարածման, ծայրահեղականության մեղադրանքով։ Նա բացասական արտահայտություններ էր արել «Կովկասի», «Միջին Ասիայի», «հայերի» մասին։
Ալսինովի փաստաբանի խոսքով՝ մեղադրանքը կառուցվում է այն բանի վրա, որ նա օգտագործել է «կարա խալիք» արտահայտությունը, որը բառացի նշանակում է «սեւ ժողովուրդ», բայց ժամանակակից թյուրքական լեզուներում դա նշանակում է «պարզ մարդիկ, հասարակ ժողովուրդ»։
«Ոչ մի բացասական բան չի ասվել»,- նշել է Ալսինովի փաստաբան Իլնուր Սույունդուկովը։
Ֆաիլ Ալսինովը Բաշկորտոստանում հայտնի է որպես ցույցերի մասնակից Քուշթաու լեռան պահպանման համար։ Այն ցանկանում էին վերամշակման հանձնել «Բաշկիրիայի սոդայի ընկերությանը», բայց ակտիվիստներին հաջողվել է հասնել այն բանին, որ լեռը համարվել է բնության հուշարձան։
Ֆաիլ Ալսինովի դեմ գործ խնդրել է հարուցել Բաշկորտոստանի ղեկավար Ռադի Խաբիրովը, ցուցարարները պահանջում են նրա հրաժարականը։ Սա Ուկրաինայում պատերազմն սկսվելուց հետո առաջին խոշոր ցույցն է։ «Քուշթաու Բայրամը» նշել է, որ բողոքին մասնակցել է մոտ հինգ հազար մարդ։
Ալսինովը Բաշկորտոստանի ամենահայտնի հասարակական գործիչներից է։ Նա մասնակցել է շատ ցույցերի, այդ թվում Քուշթաուի պահպանման համար։ Նա գլխավորել է «Բաշկորտ» ազգային կազմակերպությունը, որը հանդես էր գալիս Բաշկորտոստաի ինքնիշխանության համար (2020թ. կազմակերպությունը համարվել է «ծայրահեղական» ինչից հետո լուծարվել է)։
Ալսինովին բռնել են 2023թ. հոկտեմբերին Ուֆայում, նա քաղաքից չհեռանալու ստորագրություն է տվել։





























