Իրաքի վարչապետ Մուհամմեդ Ալ-Սուդանին երեքշաբթի օրը Դավոսում հանդիպել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ` Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի 54-րդ տարեկան հանդիպման շրջանակում։ Այս մասին հայտնում է Իրաքի վարչապետի մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ժամանակ ընդգծվել է Իրաքում կոալիցիայի ներկայության վերանայման նպատակով երկկողմ Բարձրագույն համակարգման կոմիտեի աշխատանքը սկսելու կարևորությունը։ Այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել անցյալ օգոստոսին Իրաքի պաշտպանության նախարարի ԱՄՆ կատարած այցի ժամանակ։ Քննարկումները վերաբերել են նաև կոալիցիոն առաքելության ավարտի ժամանակացույցի մշակմանը (ԱՄՆ-ի գլխավորությամբ - խմբ.) և կոալիցիայի երկրների հետ համապարփակ երկկողմ հարաբերությունների անցմանը»,- նշվում է զեկույցում։

Զրուցակիցները քննարկել են նաև Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի՝ վարչապետին Միացյալ Նահանգներ այցելելու հրավերը, ինչպես նաև երկու ղեկավարների համապատասխան թիմերի միջոցով այցի կոնկրետ ժամկետի սահմանումը։

Այս ամսվա սկզբին հայտնի դարձավ, որ Իրաքի կառավարությունը հանձնաժողով է ստեղծում՝ նախապատրաստելու երկրում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի առաքելության փակումը։