Սերբական ընդդիմադիր Հանրապետական կուսակցության առաջնորդ Նիկոլայ Սանդուլովիչին ձերբակալել էին 2023թ. հունվարի սկզբին։ Երբ նրան ազատ են արձակել, նա հայտնել է, որ իրավապահները իրեն կտտանքների են ենթարկել, տեղեկացրել է The Guardian-ը։
Ամսվա սկզբին հատուկ ծառայությունները ձերբակալել էին Սերբիայի ընդդիմադիր Հանրապետական կուսակցության առաջնորդ Նիկոլայ Սանդուլովիչին այն բանից հետո, երբ նա հարգել էր Կոսովոյի ալբանացիների հիշատակը, որոնք կռվել էին սերբերի դեմ։
Ինչպես նշել է ձերբակալվածի փաստաբան Չեդոմիր Ստոյկովիչը, Սանդուլովիչը իբր դաժան ծեծի է ենթարկվել հարցաքննության ժամանակ, Անվտանգության եւ տեղեկատվության գործակալության (BIA) շենքում։ Ավելի ուշ նրա համար խափանման միջոց են ընտրել կալանքի տակ պահելը։
Ձերբակալման պատճառը այն տեսանյութն է, որը Սանդուլովիչը հրապարակել էր X-ում։ Դրանում նա ծաղկեպսակ է դնում «Ադեմ Յաշարի» հուշարձանին Պրեկազ գյուղում, հուշարձանը նվիրված է Կոսովոյի ազատագրման բանակի հիմնադիրներից մեկի՝ Ադեմ Յաշարի եւ նրա ընտանիքի հիշատակին, որոնք սպանվել են 1998թ. մարտին։
Իրավապահները Սանդուլովիչին բաց են թողել։ Ազատության մեջ նա հայտարարել է, որ իրեն «ծեծել են, կտտանքների ենթարկել եւ սպառնացել սպանել իրեն եւ իր ընտանիքին»։
Նրա փաստաբանները հայտնել են, որ դաժան վերաբերմունքի պատճառով իրենց պաշտպանյալը կաթվածի է ենթարկվել, ինչպես նաեւ նյարդի վնասվածք ստացել։
«Ինձ առեւանգեցին Սերբիայի գաղտնի ոստիկանության աշխատակիցները, որոնք ծեծում էին ինձ, կտտանքների ենթարկում, նվաստացնում եւ սպառնում սպանել ինձ եւ իմ ընտանիքին ավելի քան վեց ժամ՝ սպառնալիքի տակ դնելով ոչ միայն իմ առողջությունը, այլեւ կյանքը։ Այդ ամենը՝ իմ քաղաքական ինքնարտահայտման եւ սպանված յոթնամյա աղջկա գերեզմանին պսակ դնելու համար, որը պատկանում էր Յաշարի ընտանիքին» ,- ասել է Սանդուլովիչը։





























