Թեհրան Իսլամաբադից բացատրություններ է պահանջել Իրանում գտնվող թիրախներին հրթիռային հարվածներ հասցնելու հետ կապված։ Այս մասին Press TV հեռուստաալիքին տեղեկացրել է Իրանի անվտանգության ուժերի ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ «Իրանը Պակիստանից անհապաղ բացատրություններ է պահանջել հրթիռային հարվածների առիթով, որոնք հասցվել են սահմանակից բնակավայրին Սիստան եւ Բելուջիստան նահանգում։

Ավելի վաղ Պակիստանի ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ պակիստանցի զինվորականները հակաահաբեկչական գործողություն են իրականացրել, որի շրջանակում հարվածներ են հասցվել ահաբեկիչների թաքստոցներին Իրանի Սիստան եւ Բելուջիստան նահանգում։ Տարածաշրջանի իշխանությունների տվյալներով՝ Պակիստանի հարվածի հետեւանքով զոհվել են երեք կին եւ չորս երեխա, նրանք բոլորն օտարերկրացիներ են եղել։

Հունվարի 16-ին իրանական Tasnim գործակալությունը տեղեկացրել էր, որ Իրանի ԶՈւ-ն հարված է հասցրել «Ջեյլ ազ-Զոլմ» ահաբեկչական խմբավորման երկու շտաբներին, որոնք գտնվում էին պակիստանյան տարածքում։ Գործողության իրականացման ժամանակ կիրառվել են անօդաչուներ եւ հրթիռներ։ Պակիստանի ԱԳՆ-ն դատապարտել է հարվածը՝ այն անվանելով երկրի օդային սահմանների խախտում, որը կարող է հանգեցնել լուրջ հետեւանքների։ Գերատեսչությունում նշել են, որ հարվածի հետեւանքով զոհվել է երկու երեխա։