Բարձր պաթոգեն թռչնագրիպի (H5N1) բռնկում է գրանցվել Հունգարիայի հարավ-արեւմուտքում, Կապոշվար (Շոմոդ մարզի վարչական կենտրոն) խոշոր թռչնաֆաբրիկայում։ Ինչպես տեղեկացրել է սննդային շղթաների անվտանգության ազգային վարչությունը, այնտեղ գտնվող բոլոր 39 հազար թռչունները ոչնչացվել են։

«Համաճարակաբանական միջոցառումները եւ հիվանդության պատճառների բացահայտումը դեռ շարունակվում են, բայց բոլոր թռչունների ոչնչացումն ավարտված է։ Կանոններին համապատասխան՝ ձեռնարկության շուրջը սահմանվել է 3 կիլոմետր շառավղով պաշտպանական գոտի, ինչպես նաեւ 10 կիլոմետր շառավղով դիտարկումների գոտի»,- նշվել է ազգային վարչության կայքում տեղակայված հայտարարությունում։

Հունվարի սկզբին վարչությունը նաեւ տեղեկացրել էր H5N1-ի բռնկման մասին Յաս-Նադկուն-Սոլնոկ մարզում։ Այնտեղ գտնվող բոլոր 7 հազար փասիանները ոչնչացվել են։ Սակայն ընդհանուր առմամբ նման դեպքերը Հունգարիայում եզակի բնույթ են կրում։ Անցած աշնանը եւ ներկա ձմռանը հիվանդության առանձին բռնկումներ գրանցվել են Եվրոպայի նաեւ այլ երկրներում։