Պակիստանի բանակը բերվել է «գերբարձր» պատրաստվածության վիճակի, գրել է Reuters-ը։
Այս որոշումն ընդունվել է Իրանի հետ հարաբերությունների սրման ֆոնին։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հունվարի 16-ի երեկոյան հայտնել է, որ բալիստիկ հրթիռներով եւ անօդաչուներով հարված է հասցրել «Ջեյշ ալ-Ադլ» ահաբեկչական խմբավորման հիմնական կայանին, որը գտնվում է Իրանին սահմանակից պակիստանյան Բելուջիստան նահանգում։ Պակիստանը դատապարտել է Իրանի գրոհը, իսկ չորեքշաբթի հետ է կանչել Թեհրանում իր դեսպանին՝ նաեւ նշելով, որ իրանցի դեսպանն առայժմ նույնպես չի կարող շարունակել իր դիվանագիտական առաքելությունն Իսլամաբադում։
Հինգշաբթի առավոտյան Պակիստանի ԱԳՆ-ն տեղեկացրել է Իրանի Սիստան եւ Բելուջիստան նահանգում ահաբեկիչների թաքստոցներին հասցրած հարվածաշարի մասին։ ԱԳՆ-ում նշել են, որ գործողության թիրախը իրենց «սարմաչար» անվանող պակիստանյան ծագում ունեցող ահաբեկիչներն են Իրանի ներսում չկառավարվող տարածքներում։ ԱԳՆ-ն նաեւ նշել է, որ Պակիստանը հարգում է Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, իսկ հարվածների միակ նպատակը սեփական անվտանգության եւ Պակիստանի ազգային շահերի ապահովումն էր։





























