Չինաստանը պատրաստակամություն է հայտնել «կառուցողական դեր» խաղալ Պակիստանի եւ Իրանի միջեւ լարվածության թուլացման գործում։ Այս մասին տեղեկացրել է Geo TV հեռուստաալիքը՝ հղում կատարելով Իսլամաբադում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գլխավոր հյուպատոս Յան Յունդունին։
«Չինաստանը կցանկանար Պակիստանին եւ Իրանին առաջարկել, որպեսզի կառուցողական դեր խաղա նրանց միջեւ տարաձայնությունների կարգավորման հարցում»,- հեռոստաալիքը մեջբերել է դիվանագետի խոսքերը։
Յան Յունդունն ընդգծել է, որ Պակիստանը եւ Իրանը տարածաշրջանի եւ մուսուլմանական աշխարհի խոշոր երկրներն են։
«Ուստի Չինաստանը հուսով է, որ տարաձայնությունները նրանց միջեւ կարող են վերացվել բանակցությունների եւ այլ խաղաղ միջոցների ճանապարհով»,- ավելացրել է գլխավոր հյուպատոսը՝ մեկնաբանելով Բելուջիստանում հրթիռային հարվածի հետեւանքները։





























