Հունվարի 18-ի գիշերը Սանկտ Պետերբուրգի վրա հարձակում իրականացրած անօդաչու սարքն ուկրաինական արտադրության է։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ռազմավարական արդյունաբերության նախարար Ալեքսանդր Կամիշինը, փոխանցում է ուկրաինական Факты հրատարակությունը։
«Մենք ի վիճակի ենք արտադրել մի բան, որը կարժենա 350 դոլար՝ մեկ հատի դիմաց և մի բան, որը այս գիշեր կթռչի Սանկտ Պետերբուրգ։ Սա պատրաստված է Ուկրաինայում։ Այսպիսով, այս գիշեր մենք խոցեցինք թիրախը, և այս իրն այս գիշեր թռավ ուղիղ 1250 կիլոմետր»,- ասել է նախարարը Դավոսում Deciding your tomorrow քննարկման ժամանակ։
ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ հունվարի 18-ի գիշերը ՀՕՊ համակարգերը Լենինգրադի շրջանի տարածքում ավիատիպի անօդաչու թռչող սարք են որսացել։ Սանկտ Պետերբուրգի նավթային տերմինալի տարածքում հայտնաբերվել են անօդաչու թռչող սարքի բեկորներ։ Նավթային տերմինալի սեփականատերերից մեկը շնորհակալություն է հայտնել ռուս զինվորականներին «ՀՕՊ-ի փայլուն աշխատանքի համար»։ Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի շրջանի իշխանությունները հայտնել են, որ տուժածներ չկան։
Ուկրաինական լրատվամիջոցները, վկայակոչելով աղբյուրներ, հայտնում են, որ Սանկտ Պետերբուրգի վրա հարձակումը կազմակերպել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը։ Հետախուզական ծառայություններում զրուցակիցը РБК-Украина-ին պնդում է, որ ուկրաինացի զինվորականները հաստատել են թիրախներին հարվածներ։





























