2023 թվականի վերջին Թուրքիան սկսեց կրճատել այսպես կոչված երկակի նշանակության ապրանքների՝ էլեկտրոնիկայի և սարքավորումների մատակարարումները Ռուսաստան, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով, և դա տեղի է ունենում ԱՄՆ-ի կոշտ դիրքորոշման ֆոնին, որը երրորդ երկրներից պահանջում է հետևել պատժամիջոցների ռեժիմին առևտրային և ֆինանսական գործարքներում, գրում է Forbes-ը։

Ընդ որում, ծավալային անկումը չի կարող բացատրվել սեզոնայնությամբ, քանի որ 2021-2022 թվականներին նույն խմբի ապրանքների՝ Ռուսաստան արտահանման ծավալը չի նվազել։

2023 թվականի վերջին դեպի Ռուսաստան արտահանման նվազման ֆոնին Թուրքիան գրեթե մեկուկես անգամ ավելացրել է նույն ապրանքների մատակարարումները Ղազախստան։ Բացի այդ, սեպտեմբերին գրանցվել է այդ ապրանքների արտահանման աճ Ուզբեկստան՝ ամսական մոտավորապես երեք անգամ: Պարբերականի գնահատմամբ՝ միանգամայն հնարավոր է, որ մատակարարումների մի մասն ուղղվել է այդ երկրներ։ Ընդհանուր առմամբ, 2023 թվականին ավելացել է երկակի նշանակության ապրանքների արտահանումը հետխորհրդային երկրներ՝ Ադրբեջան, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան և Ուզբեկստան, նշում է «Financial Times»-ը։