Չորեքշաբթի փակ նիստում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի բարձրաստիճան օգնականները օրենսդիրներին հայտնել են, որ եթե առաջիկա օրերին Կոնգրեսը չարտոնի լրացուցիչ ռազմական օգնությունն Ուկրաինային, ապա Ռուսաստանը կարող է հաղթել պատերազմում մի քանի շաբաթվա կամ ամսվա ընթացքում, տեղեկացրել է NBC News-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։

Ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը եւ ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը օրենսդիրներին տեղեկացրել են, որ առաջիկա շաբաթներին Ուկրաինայում կսպառվեն ՀՕՊ եւ հրետանու որոշ միջոցները։

Մռայլ գնահատականը հնչել է Ուկրաինային օգնության ճակատագրի լիակատար անորոշության ֆոնին։

Սպիտակ տանը չորեքշաբթի կայացած հանդիպման ժամանակ Սալիվանը եւ Հեյնսը Կոնգրեսի ղեկավարությանը ներկայացրել են գաղտնի ժամկետները, երբ Ուկրաինայի հիմնական ռազմական պաշարները զգալիորեն կսպառվեն։

Սալիվանը ընդգծել է, որ Ուկրաինայի դրությունը կբարդանա տարվա ընթացքում, եւ ենթադրել է կոնկրետ ժամկետ, երբ Ուկրաինան կարճաժամկետ հեռանկարում այլեւս հնարավորություններ չի ունենա։

Հանդիպման ընթացքին ծանոթ աղբյուրների խոսքով՝ նախագահի օգնականները օրենսդիրներին ասել են, որ օգնության բացակայությունը կանդրադառնա ոչ միայն Ուկրաինայի վրա, այլեւ կստիպի այլ երկրների, որոնք կախված են ԱՄՆ-ից, ներառյալ Ճապոնիան եւ Հարավային Կորեան, վերանայել իրենց դաշինքները։ Աղբյուրների խոսքով՝ նրանց ուղերձն այն է, որ Ռուսաստանի հաղթանակը միայն այն պատճառով, որ ԱՄՆ-ն չի կարողացել օգնել, «արձագանք կունենա ամբողջ աշխարհում»։

Կոնգրեսի առաջնորդների երկկուսակցական խումբը հանդիպման ժամանակ համաձայնել է, որ Ուկրաինային օգնության տրամադրումը ազգային անվտանգության գերակայությունն է, բայց խոստովանել է, որ կան տարաձայնություններ, ընդգծել են հեռուստաալիքի աղբյուրները։

Ուկրաինայի օգնությունը, որի դիտարկումը Կոնգրեսում ձգձգվում է արդեն մի քանի ամիս, այն օրենքի մի մասն է, որը նախատեսում է ֆինանսավորում նաեւ Իսրայելին, Թայվանին եւ ԱՄՆ սահմանների պահպանությանը։ Հոկտեմբերին Բայդենը  եւս 60 մլրդ դոլար էր խնդրել Ուկրաինային աջակցության համար, որի մի մասն օգտագործվելու է ամերիկյան պաշարների լրացման համար։ Մինչ այդ Կոնգրեսն արտոնել էր Ուկրաինային մոտ 75 մլրդ դոլարի հատկացումը։

Անցած աշնանը մի քանի շաբաթվա ընթացքում Սպիտակ տան պաշտոնատար անձինք վստահություն էին հայտնել, որ Կոնգրեսը կընդունի լրացուցիչ օգնությունը։ Բայց որոշ հանրապետականների դիմադրությունը արգելակել է օրենքի ընդունումը։

Չնայած օրինագծի՝ սահմանամերձ հատվածի պահպանության մասով հարցերը մնում են չլուծված, Սենատի երկու կուսակցությունների ղեկավարները այս շաբաթ լավատեսություն են հայտնել, որ վերին պալատը կարող է շուտով ընդունել այդ օրինագիծը։

Օրենքի ճակատագիրը Ներկայացուցիչների պալատում շատ ավելի անորոշ է։