Մեծ Բրիտանիայի լեգենդար վարչապետ Ուինսթոն Չերչիլի այն ատամնապրոթեզը, որը նա կրել է «Մենք կկռվենք լողափերին» ելույթի ժամանակ, հաջորդ ամիս կհանվի աճուրդի, գրել է The Guardian-ը։
Սպասվում է, որ ոսկուց ամրակապեր ունեցող ատամնապրոթեզը աճուրդում կվաճառվի 5 000-8 000 ֆունտ սթեռլինգով։
Մեծ Բրիտանիայի հանգուցյալ վարչապետի համար հատուկ ատամնապրոթեզներ են պատրաստել, որպեսզի օգնեն հաղթահարել մանուկ հասակում առաջացած արտասանության խնդիրը, եւ նա միշտ իր հետ մի երկու զույգ պահեստային ատամնապրոթեզ է ունեցել։ Ենթադրվում է, որ նրա համար պատրաստվել է մոտ չորս ատամնապրոթեզ, որոնցից առնվազն մեկը թաղվել է նրա հետ միասին։
Դրանք Չերչիլի համար պատրաստել են ատամնաբույժ սըր Ուիլֆրեդ Ֆիշը եւ տեխնիկ Դերեկ Քադլիպը, որն իր մոտ նույնպես պահեստային ատամնապրոթեզ էր պահում չնախատեսված հանգամանքների համար։





























