Սեուլի ոստիկանապետ Կիմ Քվան Հոն մեղադրվում է անփութության մեջ՝ կապված 2022թ. հելոուինի ժամանակ մահացու հրմշտոցի հետ, որի հետեւանքով մահացել էր մոտ 160 մարդ, տեղեկացրել է The Guardian-ը՝ հղում կատարելով տեղի դատախազությանը։

Հայտարարությունում նշվել է, որ նա, որպես Սեուլի ոստիկանապետ, «անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել» հրմշտոցի օրը, չնայած «պետք է կանխատեսեր վտանգը»։

Կիմին՝ որպես ամենաբարձրաստիճան ոստիկանական պաշտոնյայի, որը կանգնել է դատարանի առջեւ ողբերգության հետ կապված, ներկայացվել է մեղադրանք՝ առանց կալանքի տակ վերցնելու։

2022թ. հոկտեմբերի 29-ին տասնյակ հազարավոր մարդիկ, հիմնականում՝ 20-30 տարեկան, փողոց էին դուրս եկել, որպեսզի  համավարակից հետո մասնակցեն տոնակատարությանը Սեուլի Իթեւոն գիշերային ակումբների շրջանում։ Բայց նրանք հայտնվել էին հրմշտոցի մեջ բարերի եւ ակումբների նեղ նրբանցքում։

Անցած տարվա հունվարին Կիմին եւ ոստիկանության, փրկարար ծառայության եւ շրջանային վարչությունների 22 այլ աշխատակիցների հանձնել են դատախազության հատուկ ոստիկանական քննչական խմբին՝ հրմշտոցին նրանց ենթադրյալ հանցակցության պատճառով։